«Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում. Վերապրածների վկայություններ. Փաստաթղթերի ժողովածու» խորագրով աշխատության ռուսերեն տարբերակի շնորհանդեսը Մոսկվայում

Մարտի 19-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսերությունում. Վերապրածների վկայություններ. Փաստաթղթերի ժողովածու» խորագրով աշխատության ռուսերեն տարբերակի շնորհանդեսը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ.Եսայանի, ՌԴ Դաշնային Խորհրդի անդամներ Ի.Չերնիշենկոյի և Ժ.Իվանովայի, ՌԴ Պետական Դումայի պատգամավորներ Ի.Ֆախրիտդինովի և Օ.Արշբայի, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա.Գրոմիկոյի, ՌԴ Հանրային խորհրդի անդամ Կ.Զատուլինի, ռուսաստանյան հասարակական և գիտական բնագավառների և Մոսկվայի հայ համայնքային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Աշխատության ռուսերեն տարբերակը հրատարակվել է “ՎԱՆ” հասարակական կազմակերպության աջակցությամբ:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն իր ողջույնի խոսքում դեսպանության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի անունից շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ միջոցառմանը մասնակցելու և վերոնշյալ հանձնաժողովի աշխատանքներին նպատակային աջակցություն ցուցաբերելու համար: “Այսօր այս դահլիճում ներկա են Ռուսաստանի պետական, քաղաքական ու հասարակական բնագավառների անվանի ներկայացուցիչներ, նրանց թվում՝ՌԴ Դաշնային Խորհրդի հարգարժան անդամներ և Պետական Դումայի բարեկամ պատգամավորներ, ռուսաստանյան քաղաքական կառույցների հայտնի ղեկավարներ և  հասարակական, գիտական և մշակույթի ոլորտի անվանի գործիչներ,  ովքեր լինելով ներգրավված տարաբնույթ հանձնաժողովներում իրենց մասնագիտական գործունեությամբ նպաստում են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերությունների առավել խորացմանն ու շարունակ աջակցություն ցուցաբերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին”, – ընդգծեց Օ.Եսայանը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանն իր խոսքում կարևորեց նաև ներկայացված աշխատության ռուսերեն տարբերակի հրատարակման նշանակությունը՝ նկատելով, որ այն կծառայի ռուսաստանյան հասարակության շրջանում Հայոց ցեղասպանության անհերքելի փաստերի ու մարդկության հանդեպ 20-րդ դարասկզբին իրագործված առաջին և խոշարագույն ողբերգության վերաբերյալ իրազեկման բարձրացմանը:

Գրքի հեղինակ, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ ներկայացված ռուսերեն հրատարակությունը համալրեց հայերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով նշյալ աշխատության թարգմանությունների ցանկն, ինչն առանցքային կարևորություն  է ձեռք բերում ցեղասպանության անհերքելի փաստերին միջազգային հանրությանը ծանոթացնելու գործում: Ա.Վիրաբյանն իր խոսքում ներկայացրեց նաև աշխատությունում տեղ գտած որոշ բացառիկ փաստագրական նյութեր, որոնք տասնյակ տարիների ընթացքում հավաքագրվել և պահվել են Հայաստանի ազգային արխիվում:

ՌԴ պետական արխիվի տնօրենի տեղակալ Լարիսա Ռոգովայան, հանդես գալով ներկաների առջև, նշեց, որ Հայոց ցեղասպանությունը պատմական այն ողբերգական էջերից է, որը հավերժ կմնա միջազգային հանրության հիշողության և համաշխարհային արխիվամատյանի մեջ: “Համոզված եմ, որ պատմաբաններն ու արխիվագետները մեծ դերակատարում ունեն հանրությանը էթնիկ պատկանելիության,կրոնական անհանդուրժողականության և այլ պատճառներով ժողովուրդների զանգվածային բնաջնջման և ցեղասպանության վկայությունների հանրայնացման գործում, անկախ այն հանգամանքից, թե երբ են դրանք իրագործվել: Եվ փորձը ցույց է տալիս, որ այսպիսի ուսումնասիրություններն, ինչպիսին  է Հայաստանի ազգային արխիվի կողմից պատրաստված աշխատությունը, ունեն հսկայական ազդեցություն հասարակական կարծիքի ձևավորման և նման արհավիրքների միջազգային ճանաչման և դատապարտման գործում”, – նկատեց Լ.Ռոգովայան՝ շեշտելով ներկայացված աշխատության հասարակագիտական և պատմագիտական բացառիկ նշանակությունը:

ՌԴ Դաշնային Խորհրդի և հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Իգոր Չերնիշենկոն իր ելույթում ընդգծեց, որ 2015թ.-ին միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է երկու դարակազմիկ իրադարձության՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ու Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 70-րդ տարեդարձի վրա: Ըստ նրա՝այս երկու կարևոր իրադարձությունները միավորում են ռուս և հայ ժողովուրդներին՝ պատմական արդարության վերականգնման և մարդկության հանդեպ ոճրագործությունների դեմ ուղղված պայքարում: “Հայտնի է, որ տասը տարի առաջ Ռուսաստանի խորհրդարանն ընդունեց հայտարարություն՝ քննադատելով ցեղասպանությունը որպես մարդկության հանդեպ ծանրագույն հանցագործություն: Մենք պատրաստակամ ենք շարունակ ջանքեր գործադրել ցեղասպանության խնդրի միջազգային ճանաչման գործում: Այսօր ավելի քան 20 երկիր և մի շարք եվրոպական կառույցներ տարբեր մակարդակներում ճանաչել են օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը: Բայց ամբողջական միջազգային ճանաչման գործընթացը պահանջում է հաջորդիվ քայլերի իրականացում, և այս հարցում մենք պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն”, – հայտնեց Ի. Չերնիշենկոն:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև ռուսաստանյան “Պատմական հեռանկարներ” հիմնադրամի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Նատալյա Նարոչնիցկայան, Սևծովյան և կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Վիկտոր Նադեին-Ռաևսկին,  քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սվարանցը, “ՎԱՆ” հասարակական կազմակերպության հիմնադիր Գագիկ Մելիքյանը և այլք: Բանախոսներն իրենց ելույթներում վկայակոչեցին անհերքելի փաստեր՝Օսմանյան կայսերությունում հակահայկական քաղաքականության և իրագործված ցեղասպանության մասին, կարևորեցին ներկայացված փաստագրական նյութերի ժողովածուի ռուսերեն հրատարակության արդիականությունը մերժողական քաղաքականության  և հաճախակի հանդիպող ապատեղեկատվության, պատմության վերատպման և աղավաղման դեմ պայքարում:

02 03 04

Scroll Up