Սփյուռքահայ գրողներ. Համաստեղ
«Հայերն այսօր»-ն անդրադառնում է ՀՀ սփյուռքի նախարարության 2015-ին «Մեր մերծերը» ծրագրում ընդգրկված սփյուռքահայ գրող Համաստեղին:
Բանաստեղծ, արձակագիր, թատերերգու Համաստեղը` Համբարձում Կելենյանը (գրական անունը կազմված է իր և երկու եղբայրների` Աստուրի և Եղիայի անունների սկզբնատառերից` Համ-Աստ-Եղ), ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Փերճենչ գյուղում: Խարբերդը տաղանդավոր շատ գրողների օրրան է եղել` Վահան Թոթովենցի, Թլկատինցու, Ռուբեն Զարդարյանի, Վահե Հայկի… Հայրենի բնաշխարհում է Համաստեղը ձևավորվել իբրև գրող: «Հեքիաթ էր իմ գյուղը…», – գրել է հետագայում Համաստեղը: Խարբերդի Կեդրոնական վարժարանում ուսանելիս նա ծանոթացել է Դանիել Վարուժանի, Ռուբեն Զարդարյանի, Սիամանթոյի և այլ գրողների ստեղծագործություններին, հենց այդ ժամանակ էլ ծնվում են Համաստեղի առաջին բանաստեղծությունները և վկայում են երիտասարդի անուրանալի տաղանդի մասին:
… Ճակատագրական էր 1913-ին Համաստեղի Ամերիկա մեկնելը, ուր նրան իր մոտ է կանչում հայրը: Համաստեղը թեև ֆիզիկապես զոհ չգնաց Եղեռնին, սակայն հոգեպես անկման ծանր պահեր ունեցավ, փոթորկվեց հոգին, մղկտաց սիրտը ավերակված հայրենի գյուղի կարոտից, ուր թողել էր իր մանկությունն ու երազանքները մաքուր, իր պատանության բոլոր պայծառ գույները:
«… Ու ես պիտի երգեմ երգը եզին, արորին, խոփին, երգը հպարտ գոմեշին, ցորյաններով լեցուն սայլին, այգիի ճամբուն, խաղողի բեռան տակ իր ականջները թույլ ձգող էշին: Պիտի երգեմ երգը հնձվորին, կալին, հունձքին, մանգաղին: Պիտի երգեմ արևին տակ խլրտացող երգը սերմին, երգը կամուրջին, առվին, ջրտուքին, երգը հողե տուներու…», – 1929թ. Փարիզում լույս տեսած իր «Անձրև» ժողովածուի «Զրույց շունը մը հետ» պատմվածքում գրում է կարոտաբաղձ գրողը:
Նրա գրվածքների հերոսներն իր բնաշխարհի պարզ ու միամիտ, աղքատ ու հարուստ, չար ու բարի, սրամիտ ու իմաստուն, խեղճ ու աշխատասեր գյուղացիներն են` Փիլիկ աղբարը, Թորիկ Ղուկասը, փեսա Օվանը, Եղսիկը, Միջոն ու Տափան Մարգարը, Չալոն, Կար Ամուն, Մնուշն ու Մխսին… Նրա´նք են բնաշխարհի մարդիկ, ովքեր պահում են գյուղը բոլոր ավանդույթներով ու գույներով: Համաստեղը կորցրել էր այդ աշխարհը, կորցրել էր իր Պատմական Հայրենիքն ու այնտեղից աքսորյալ, սպանդի ենթարկված մի ողջ ժողովուրդ… Նրա Սպիտակ ձիավորը` Մարտիկը, ամբողջացնում է հայրենասեր քաջի կերպարն ու դառնում առասպելական մի ուժ, դառնում ըմբոստության, ազատության, արդարության խորհրդանիշ: Համաստեղի «Քաջ Նազարը և 13 պատմվածքներ» ժողովածուն, «Առաջին սերը» վիպակը, «Աղոթարանը», «Տոմար մաքիականը» («Այծետոմար») 1950-60-ականներին ստեղծված գործեր են, գրողի հասուն գրչի արդյունք, սակայն պետք է խոստովանել, որ նրա գյուղաշխարհին նվիրված նույնքան բարձրարժեք գործերն էլ զգացումների մի խորունկ ու խորհրդավոր աշխարհ են: Բազմաժանր գրողն ապրելով օտար ափերում` «Հայաստանի լեռներու սրնգահարը» իր դրամայի հերոսների պես միշտ երազեց Հայրենիքի մասին, նրա հոգում ծովացավ կարոտը, գրիչը միշտ երկնեց «հայերենն ու հայուն», ապրեց հայեցի` փափագելով լինել Հայաստանում:
… 1966թ. նոյեմբերի 27-ին, Կալիֆորնիայում, իր 70-ամյա հոբելյանական հանդեսի օրը ամբիոնի մոտ կաթվածից մահացավ Համաստեղը:
«Իրականությունն այն է, որ այժմ թե´ հայ ժողովուրդը, և թե´ Հայաստանն իմ հոգեկան քարտեզի սահմաններու մեջ մտած են, մեկ տեղ մը կ’ուզեի երթալ, ան ալ` Հայաստանն է…»: Գրեց Համաստեղը և չհասցրեց գալ Հայաստան, սակայն նրա գրվածքները թևածեցին Հայրենիքում, դարձան դպրոցական ու բուհական դասագրքերի ուսանելի դասերն ու զարդը, խորհրդային իրականության պատնեշի փլուզումից հետո շատ «մերժված», «արգելված» գրողների հետ միասին Համաստեղը ևս իր արժանի տեղը զբաղեցրեց մեր գրականության Պառնասում:
… 100 տարի անց Համաստեղը դարձյալ իր ժողովրդի հետ է` իր հրաշալի ստեղծագործություններով, գրողի, մտավորականի իր հուզումների աշխարհով:
Կարինե Ավագյան