Հինգ միսիոներ կանանց ճակատագրերը ներկայացնող ֆիլմը պայքարի ձոն է ու կյանքի հաղթանակ (տեսանյութ)
Հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն ամփոփող «Փրկության քարտեզ» ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտվել են: «Ման Փիքչրս» ստուդիայի նախաձեռնությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնակցությամբ նկարահանված կինոնկարն այժմ հետարտադրական փուլում է:
«Փրկության քարտեզ»ը համամարդկային ցավի, մի ազգին պատահած փորձությունների մասին է՝ աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող այլազգի հինգ կին հումանիստների օրինակով: Կինոնկարի մտահղացման հեղինակ, գխավոր պրոդյուսեր և «Ման Փիքչրս» ստուդիայի հիմնադիրտնօրեն Մանվել Սարիբեկյանը «Արմենպրես»ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նկարահանող խումբը հասցրել է լինել ինը երկրի քսանից ավելի քաղաքներում:
«Որոշել ենք, որ ֆիլմը Հայաստանում կներկայացվի ապրիլի 22ին: Հույս ունեմ, որ կհասցնենք այն ավարտել, որովհետև որոշակի ֆինանսական խնդիրներ ունենք: Ստիպված եմ սկսել համահայկական դրամահավաք, որպեսզի կարողանանք ավարտել ֆիլմը և էկրաններին բարձրացնել: Մեր ստացած աջակցությունը չի բավականացնում»,նշեց Մանվել Սարիբեկյանը: Ֆիլմի պաշտոնական՝ mapofsalvation.com կայքը տեղեկացնում է, որ ֆիլմն ավարտելու համար անհրաժեշտ է ևս 37 հազար դոլարին համարժեք գումար, որը կծախսվի մի շարք աշխատանքների իրականացման համար:
Նմանատիպ աշխատանքներ են, օրինակ, արխիվային նյութերի ձեռքբերումը, ֆիլմի թարգմանությունը, մոնտաժը, հեղինակային երաժշտության պատվիրումը, համաշխարհային պրեմիերաների կազմակերպումը և այլն: «Բացի կինոթատրոններում ցուցադրելուց, ծրագրում ենք նաև ֆիլմը թողարկել DVD սկավառակների վրա, որպեսզի այն տարածում գտնի: Հույս ունեմ նաև, որ կկարողանանք պատրաստել կինոնկարի հեռուստատեսային տարբերակը, որը բաղկացած կլինի հինգ մասից, և կներկայացնի յուրաքանչյուր կին միսիոների պատմությունը: Մեր նկարահանած նյութերը շատ են»,հավելեց «Ման Փիքչրս» ստուդիոյի հիմնադիր –տնօրենը:
«Փրկության քարտեզ»ը խաղարկային դրվագներով փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմ է: Բնօրինակի լեզուն անգլերենն է, թարգմանվելու է նաև հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն և այլ լեզուներով: Սա ֆիլմ է մահվան դեմ կյանքի, ոչնչացման փոխարեն փրկության, բռնության դիմաց մարդասիրության մասին: Սա պայքարի ձոն է ու կյանքի հաղթանակ: Հազարավոր մարդկանց վիշտն ամոքող և խիզախ կանանց հանդեպ երախտագիտության ու հպարտության զգացումներ առաջացնող այս ֆիլմը հետաքրքրելու է և՛ համայն աշխարհում սփռված հայությանը, և՛ նրան բախտակից մյուս ազգերին, և՛ իհարկե նրանց, ովքեր դեռ երկմտում են «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումն ընդունելու շուրջ: Ֆիլմը պատմում է 19րդ դարի վերջի և 20րդ դարի սկզբի համամարդկային ողբերգությունների, հատկապես՝ Հայոց ցեղասպանության ժամանակ բողոքի ու ընդվզման ալիքի նման առաջացած հումանիստական շարժման մասին: Ֆիլմը կառուցված է միայն իրական փաստերի հիման վրա: Ֆիլմի հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, ովքեր տեսել են հայ ազգի կոտորածները: Նրանք եվրոպացի հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփեն (Դանիա), Մարիա Յակոբսենը (Դանիա), Բոդիլ Բյորնը (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնը (Շվեդիա), Հեդվիգ Բյուլը (Էստոնիա): Նրանք Հայոց ցեղասպանության ականատեսներն են և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստարանների հիմնադիրները: Եվրոպայի իրենց բարեկեցիկ կյանքը թողնելով ու տարբեր երկրներից գալով հայոց հող՝ նրանք անմնացորդ ու անձնուրաց նվիրվել են հայ ժողովրդին: Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան, ցեղասպանությունների մասին պատմող գրքերի հեղինակ Սվանտե Լունդգրենը:
Անցնելով ֆիլմի հերոսների առաքելության ճանապարհը՝ նա գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»: Ֆիլմը նվիրվում է մեծ հումանիստների հիշատակին` որպես երախտագիտության տուրք ամբողջ հայ ժողովրդի, մարդասիրական հայացքներ դավանող մյուս ժողովուրդների և, ընդհանրապես, վեհ արժեքները գնահատող բոլոր մարդկանց անունից: Նկարահանումներին մասնակցել են 15 պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ դերակատարներ: Ֆիլմին աջակցում են 7 երկրների 11 խորհրդատուներ՝ պատմաբաններ, ցեղասպանագետներ, ֆիլմի հերոսների կենսագիրներ: Ֆիլմում ցեղասպանությունն է, սակայն այն մարդասիրական լույսի տակ է ներկայացվում:
Ռոզա Գրիգորյան