Հայոց ցեղասպանությունը վերապրած Երևանի 8 բնակչի դեղեր և բժշկական պարագաներ են տրամադրվել

Մեծ Եղեռնի 100­րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության համակարգող խորհուրդը բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրել Հայոց ցեղասպանությունը վերապրած Երևանի 8 բնակչի:

Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարի տեղակալ, համակարգող խորհրդի նախագահ Գագիկ Միրիջանյանի գլխավորած մասնագիտական խումբը համայցերի ընթացքում անհրաժեշտ բժշկական հետազոտություններ է կատարել: Ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտության, էլեկտրասրտագրության, ինչպես նաև արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտության հիման վրա, ըստ բժշկական ցուցումների, նախարարության կողմից ականատես­ վերապրածներին տրամադրվել են անհրաժեշտ դեղեր և բժշկական պարագաներ:

«Հայաստանի բուժքույրերի միավորում ասոցիացիա» հասարական կազմակերպությունը ևս իր աջակցությունն է ցուցաբերել` տրամադրելով խնամակալներ: Հետազոտությունների արդյունքների հիման վրա ստեղծվել են ականատես­վերապածների բժշկական անձնագրերը: Հավաքագրվել են նաև մարզաբնակների առողջական տվյալները: Բժշկական օգնության կարիք ունեցողները Երևանում կգտնվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ մարզերում` մարազային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո: Հայոց ցեղասպանության ականատես­վերապրածների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ մեկնարկել էր դեռևս 2014թ.­ին: Ակնաբուժական նախագծի աջակցությամբ մարզաբնակ ականատեսների համար կազմակերպվում են մասնագետների պարբերական այցելություններ: Աշխատանքներին աջակցում է նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը: Ականատես­վերապրածների բարձրացրած հարցերին արագ արձագանքելու և բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է 055 05 86 26 հեռախոսահամարը:

Scroll Up