Ապրիլի 22-­24-­ի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար հավատարմագրվել է ավելի քան 500 լրագրող

Հայոց ցեղասպանության 100­ րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները մեծ հետաքրքրություն են առաջացրել աշխարհում և այս պահի դրությամբ ապրիլի 22-­24­ին ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար հավատարմագրվել է ավելի քան 500 լրագրող: «Արմենպրես»­ի հաղորդմամբ` տեղեկատվությունը տրամադրեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100­րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է «Արարատի ստորոտին» միջազգային մեդիակոնֆերանսին, Վիգեն Սարգսյանն ասաց, որ Թուրքիայից չորս լրագրող է մասնակցում:

«Մենք ոչ մեկին չենք պարտադրել գալ Հայաստան. ինձ հուշում են, որ ֆորումին մասնակցում է չորս լրագրող Թուրքիայից»,­ ի պատասխան հարցի, թե հրավիրվել են արդյոք թուրք լրագրողների ֆորումին` ասաց Վիգեն Սարգսյանը: Նա ավելի քան վստահ է, որ Թուրքիայի իշխանությունները բավարար քանակությամբ արխիվային փաստաթղթեր ունեն, որոնք վկայում են Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայերի ցեղասպանության մասին: «Այնպես որ պատմական ճշմարտությունը փաստաթղթերով ապացուցված է և իրականում շատ մեծ քանակությամբ արխիվային փաստաթղթեր գոյություն ունեն Հայոց Ցեղասպանության վերաբերյալ»,­ ասաց նա:

Մարտի 18­ 20­ը Երևանում անց է կացվում «Արարատի ստորոտին» 5­րդ միջազային եռօրյա մեդիա խորհրդաժողովը: Խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանի և կայսրության այլ տարածքներում իրականացված Հայոց ցեղասպանությունը: Խորհրդաժողովն անցնում է «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո: Նրա թեմատիկ ուղղություններն այն չորս սկզբունքներն են՝ Հիշողություն, Երախտագիտություն, Միջազգային պայքար ցեղասպանությունների ճանաչման համար, Վերածնունդ, որոնց տրամաբանության ներքո անց են կացվում Հայոց ցեղասպանության 100­րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները:

Խորհրդաժողովը մեկ հարկի տակ է հավաքել տարբեր երկրներից միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների, գիտնականների, հասարակական և քաղաքական գործիչների: Այն կհանդիսանա Հայոց ցեղասպանության պատմության, ճանաչման, պետությունների պատասխանատվության ու ապագա ոճիրների կանխարգելման, Ցեղասպանության եղելության հերքման, մշակութային արժեքների ոչնչացման, ու այլ հիմնախնդիրների քննարկման հարթակ:

Scroll Up