Իսկ մեզ միայն հաղթանակ է պետք
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/Դուշա.jpg)
«Բարգավաճումը միասնության մեջ է». Ղրիմի զինանշանի վրա գրված այս բառերի իմաստը լիովին դրսևորվեց «Լեզուն ժողովրդի հոգին է» Համաղրիմյան X մրցույթի ժամանակ, որն անցկացվեց Մայրենի լեզվի միջազգային օրվա նախօրեին: Թերակղզու ավելի քան չորս հարյուր աշակերտներ մասնակցեցին այս միջոցառմանը՝ իրենց ստեղծագործական աշխատանքներն ու ելույթները ներկայացնելով Ղրիմում ապրող ժողովուրդների լեզուներով, այն է՝ ռուսերեն, ուկրաիներեն, ղրիմ-թաթարերեն, հայերեն, բուլղարերեն, հունարեն, գերմաներեն:
Ղրիմի Հանրապետության կրթության և գիտության, երիտասարդության և սպորտի նախարարության կողմից հայտարարված մրցույթի նախապատրաստական աշխատանքներին ակտիվորեն մասնակցեց Ղրիմի հայկական ազգային-մշակութային ինքնավարության (նախկինում՝ Ղրիմահայոց ընկերություն) կրթական կառույցը՝ Գաբրիել Այվազովսկու անվան հայկական դպրոցը: Մրցույթին կազմակերպմանն աջակցեց Ղրիմի Հանրապետության ազգամիջյան հարաբերությունների և բռնագաղթված քաղաքացիների գործերի պետական կոմիտեն:
2015 թվականի փետրվարի 20-ին մրցույթի մասնակիցներին սրտաբաց ընդունեց Սիմֆերոպոլ քաղաքի Ղրիմի հանրապետական գիտական գրադարանը, որի մեծ դահլիճում ողջույնի խոսքով հանդես եկավ Ղրիմի կրթության նախարարության ներկակայացուցիչը: Նա, նշելով մրցույթի հիմնադիրներին, առանձնապես ընդգծեց մրցույթի կազմկոմիտեի մշտական անդամ, Ղրիմի Ինքնավար Հանրապետության վաստակավոր ուսուցիչ, Գ. Այվազովսկու անվան հայկական դպրոցի տնօրեն Թամարա Սալիստայա-Գրիգորյանի ավանդը: Այնուհետև տեղի ունեցավ «Գրավոր ստեղծագործական աշխատանք» անվանակարգում մրցանակակիրների պարգևատրումը:
«Լեզուն ժողովրդի հոգին է» տասներորդ Համաղրիմյան մրցույթին մասնակցեցին Գ. Այվազովսկու անվան Հայկական դպրոցի 27 սաներ, որոնք հայերեն են ուսումնասիրում Սիմֆերոպոլի, Եվպատորիայի, Յալթայի և Կերչի միջնակարգ և կիրակնօրյա դպրոցներում: Ի թիվս այլ ազգերի ներկայացուցիչների, առաջին աստիճանի դիպլոմներով պարգևատրվեցին. Մարի Հակոբյանը, Հելեն Ասրյանը և Գոհար Մկրտչյանը: Երկրորդ աստիճանի դիպլոմով պարգևատրվեց 10-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Թադևոսյանը, երրորդ աստիճանի դիպլոմներ ստացան Արթուր Կոստանդյանը, Գայանե Թադևոսյանը և Նադեժդա Պողոսյանը: Պետք է նշել, որ հայկական դպրոցի սաներն իրենց շարադրություններում գրել էին հերոսական ճակատագրի տեր ղրիմահայերի մասին:
«Արտասանության արվեստ» անվանակարգում այս տարի հայտարարված էր «Ռուս դասականների ստեղծագործությունները՝ թարգմանված Ղրիմի ժողովուրդների լեզուներով» թեման: Այս մրցույթի 17 մասնակիցներից միայն մեկն էր ներկայացնում Ղրիմի հույներին: Մնացած 16-ը հայկական դպրոցի սաներն էին, որոնք արտասանեցին Ա. Պուշկինի, Մ. Լերմոնտովի, Ի. Կռիլովի, Մ. Գորկու, Ա. Բլոկի, Վ. Մայակովսկու ստեղծագործությունների հայերեն թարգմանությունները: Հեղինակավոր ժյուրին, որի կազմում էին Ղրիմահայոց ընկերության նախագահի տեղակալ, «Մասյաց աղավնի» հանդեսի գլխավոր խմբագիր Վահան Վերմիշյանը և Հայկական դպրոցի ուսուցչուհի Լուսինե Սարգսյանը, ընդգծեց ստեղծագորությունների հետաքրքիր ընտրությունը, ասմունքողների արտիստիզմը, երեխաների լավ պատրաստվածությունը: Մինչ ժյուրիի անդամներն զբաղված էին արդյունքների ամփոփմամբ, Հայկական դպրոցի մեթոդիստ Ռուշան Փիլոսյանը հայոց լեզվի վարպետության դաս անցկացրեց ոչ միայն մրցույթի մասնակիցների, այլև բոլոր ներկաների համար:
Այս անվանակարգում առաջին աստիճանի դիպլոմներ ստացան Նաիրա Գաբրիելյանը, Աննա Հակոբյանը, Մարիա Մաշլախյանը: Երկրորդ աստիճանի դիպլոմներով պարգևատրվեցին՝ այս մրցույթի քառակի հաղթող Լևոն Վերմիշյանը, ինչպես նաև Ռուբեն Հարությունյանը, Գոռ Գասպարյանը, իսկ Շուշան Կոստանդյանը և Վիգեն Բեգլարյանն արժանացան երրորդ աստիճանի դիպլոմների:
«Խոսքի վարպետ» անվանակարգի մրցույթի հանձնարարոթյունը Ֆազիլ Իսկանդերի «Լեզուն մարդկանց տրված է նրա համար, որպեսզի նրանք, հասկանալով միմյանց, կարողանան միասին ապրել» հայտնի արտահայտության բացահայտումն էր: Այս մրցույթին Հայկական դպրոցից մասնակցում էին ընդամենը երկու սան, որոնք, ցավոք, այնքան էլ հաջող հանդես չեկան, չնայած որ անցյալ տարի, մերոնք ստացել էին երեք դիպլոմ:
Կրթության նախարարի հրամանով նշվեցին այն դպրոցներն ու ուսուցիչները, ովքեր նախապատրաստել էին հաղթողներին: Նրանց թվում էին Գաբրիել Այվազովսկու անվան հայկական դպրոցի ուսուցիչներ Անժելա Ավետիսյանը, Գոհար Պետրոսյանը (Սիմֆերոպոլ), Կարինե Ասլանյանը (Եվպատորիա) և Ժաննա Մնացականյանը (Յալթա):
Բարի ավանդույթի համաձայն, մրցույթի 15 հաղթողների և մրցանակակիրների ցուցակն, ինչպես նաև լավագույն շարադրությունները կհրատարակվեն Ղրիմահայոց ընկերության «Մասյաց աղավնի» հանդեսում:
«Արտասանության արվեստ» անվանակարգի հաղթողներն իրավունք ստացան մասնակցել «Հայ մշակույթի օրերը Ղրիմում» ամենամյա միջոցառման մեծ համերգին և Հայկական դպրոցի կազմակերպած միջոցառումներին:
Կեցցե’ս, Հայկական դպրոց: Տասնամյա աշխատանք, Հաղթանակի տասն աստիճաններ:
Թամարա Սալիստայա-Գրիգորյան,
Ղրիմի Հանրապետության հայկական ազգային-մշակութային ինքնավարության նախագահի տեղակալ,
Գ. Այվազովսկու անվ. Հայկական դպրոցի տնօրեն, ՂԻՀ վասատակավոր ուսուցիչ