Նորվեգիայի վարչապետը հրաժարվել է ապրիլի 24-ին Երևան այցելել. «Դողան»
Նորվեգիայի վարչապետ Էրնա Սոլբերգը հրաժարվել է ապրիլի 24-ին այցելել Երևան` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նման տեղեկություն է տարածել թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, գրում է 1in.am-ը:
Ըստ աղբյուրի` Սոլբերգը կարևորել է Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչի պատճառով էլ որոշել է հրաժարվել Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցելուց:
Թուրքական աղբյուրը նշում է, թե Հայաստան չի ժամանելու նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարարը, իսկ սկանդինավյան այդ երկիրը 100-ամյակի միջոցառումներին ներկայանալու է ՀՀ-ում Նորվեգիայի դեսպանի մակարդակով:
Նույն աղբյուրը նաև հավելում է, որ Նորվեգիայում հայամետ մասնագետները քննադատության տարափ են սկսել Սոլբերգի հասցեին:
Թուրքական կողմը փորձում է տարբեր ճանապարհներով կանխել տարբեր պետությունների ղեկավարների հնարավոր այցը Երևան` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար: Բացի այդ, Թուրքիան այս տարի Դարդանելի գործողության հարյուրերորդ տարելիցը որոշել է նշել ապրիլի 24-ին` այս կերպ շեղելով ուշադրությունը Ցեղասպանության 100-ամյակից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 18-ին Անկարա այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, թե թուրքական կողմը պատրաստվում է Դարդանելի ճակատամարտի (հայտնի է նաև Չանաքքալեի, Գալիպոլիի պատերազմ) 100-րդ տարելիցը նշել ապրիլի 24-ին, ինչի կապակցությամբ 102 երկրների ղեկավարների պաշտոնական հրավերներ են ուղարկվել՝ Թուրքիայում նշելու այդ իրադարձությունը: Էրդողանի կողմից հրավիրվածների թվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը պատասխան նամակով արդեն հրաժարվել է Դարդանելի ճակատամարտին նվիրված միջոցառումներին մասնակցությունից, ինչպես նաև նշել հրաժարվելու պատճառները:
Այսպիսով՝ Էրդողանն իր այս հրավերով նախևառաջ մերժել է ՀՀ նախագահի՝ ավելի վաղ իրեն ուղարկված հրավերը՝ ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և միասին հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Դարդանելի ճակատամարտի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելու Էրդողանի որոշումը միմիայն կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ, քանի որ ապրիլի 24-ը Դարդանելի գործողության տեսանկյունից առանձնացող և նշանավոր օր չէ: