Genealogy-ն «Եվրատեսիլ»-ում կներկայանա ոչ թե «Մի ժխտիր», այլ «Առերեսվի՛ր ստվերին» երգով (տեսանյութ)
Ավստրիական Վիեննայում երեկ՝ մարտի 16-ին, կայացել է «Եվրատեսիլ 2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը, որին ներկա են եղել մասնակից բոլոր 40 երկրի ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայաստանը: Այս մասին հաղորդում է PanARMENIAN.Net -ը:
«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին: Հայկական երգը կներկայանա նոր խորագրի ներքո Face The Shadow (թարգ.՝ «Առերեսվի՛ր ստվերին»): Մինչև այդ Հայաստանի երգը կոչվում էր Don’t Deny (թարգ.՝ «Մի ժխտիր»):
Այս փոփոխությունը միտված է հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում, ինչպես նաև ուժեղացնելու խաղաղության, սիրո և միասնության գաղափարը:
Genealogy խմբի երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել էր մարտի 12-ին. բացի այդ, հայտնի էր դարձել նաև, որ խմբի 6-րդ մասնակիցը Հայաստանից Ինգա Արշակյանն է։
Ավելի վաղ հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մանրամասներ էր ներկայացրել «Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանի մասնակցության կոնցեպտի, Genealogy գաղափարի, Don’t deny երգի և տեսահոլովակի մասին։ Նա մասնավորապես նշել էր, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա նշանաբանը ոգեշնչեց ստեղծել Genealogy-ն:
6 մասնակցին իրար միավորում է 2 առանձնահատկություն՝ առաջինն այն է, որ նրանց երակներով հոսող արյունում հայի գեն է, դիմագիծն ու Հայաստան երկրի հարուստ պատմություն: Եվ երկրորդ՝ երաժշտությունը, որը նույնպես գենետիկորեն միավորում է: