Ձեզ հետ միասին ենք Ցեղասպանության դատապարտման պայքարում. լիտվացի պատգամավորը՝ Էդուարդ Շարմազանովին
Լիտվայի Ցեղասպանության զոհերի թանգարանում մարտի 16-ին «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես է եկել Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի խմբի անդամ, Լիտվայի Սեյմասի Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Դալիա Կոուդիտեն:
ՀՀԿ-ի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նա նշել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկն է: Դալիա Կոուդիտեի խոսքով ՝ քաղաքական գործիչները պետք է ամենօրյա պայքար մղեն Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ։ Նա անընդունելի է համարել Թուրքիայի իշխանությունների վարքագիծը։ Դիմելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին՝ Դալիա Կոուդիտեն ասել է. «Ձեզ հետ միասին ենք Ցեղասպանության դատապարտման պայքարում»: