Հայկազյան համալսարանում բարձր արվեստի բացառիկ նմուշներ կներկայցվեն

Բեյրութի Հայկազյան համալսարանում ընդամենը մի քանի օրից կներկայացվեն բարձր արվեստի բացառիկ նմուշներ:

Կրթական հաստատության 60­-րդ հոբելյանի առթիվ անցկացվելիք միջոցառումների շարքում իր ուրույն տեղը կունենա մի հետաքրքիր ցուցահանդես, որը կազմակերպում է միջազգային ճանաչում ունեցող «Բարձր արվեստ» («Shedevr») կերպարվեստի կենտրոնը: Կենտորնի հիմնադիր­տնօրեն Արմինե Քոչարյանը «Արմենպրես»­ի հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսն իր բնույթով բացառիկ է:

«Հայկազյան համալսարանը սփյուքում գործող ամենահեղինակավոր համալսարանն է: Հոբելյանի առթիվ տարբեր միջոցառումներ են կազմակերպելու, այդ թվում` նաև մշակութային: Նախաձեռնությունը «Արևմուտքից` Արևելք, Մոդեռնից` Պոստմոդեռն» նախագծի հերթական ցուցահանդեսն է: Համալսարանից մեզ գրել են և խնդրել այնտեղ ցուցադրել մի շարք նմուշներ»,­ նշեց նա: Մարտի 19­25­ն անցկացվող իրադարձությանը ներկայացվելու է հայ դասական և ժամանակակից նկարիչների գործերի ընտրանին: Ցուցադրվելու են Վարդգես Սուրենյանցի, Էդգար Շահինի, Մարտիրոս Սարյանի, Արշիլ Գորկու, Լևոն Թութունջյանի, Երվանդ Քոչարի, Ժան Գառզուի, Ժան Ժանսեմի, Մինաս Ավետիսյանի, Վարուժան Վարդանյանի և այլ անվանի արվեստագետների գործեր: «Մասնավորապես ցուցադրվելու է Երվանդ Քոչարի տարածական նկարչությանը պատկանող առաջին գործը` «Առաջին մեղքը»: Բեյրութահայությունը խնդրել է, որ Քոչարի այս գործը տանենք: Այն աշխարհի առաջին 3D­ն է, և արդեն իսկ հասցրել է ցուցադրվել Արտ Մոնակոյում: Կներկայացվի նաև Լևոն Թութունջյանի «Դեղին դիմակը»,­տեղեկացրեց Արմինե Քոչարյանը՝ հավելելով, որ իրենց նպատակը Հայաստանը հնարավորինս լավ և բազմազան ներկայացնելն է: «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը բեյրութահայերի դատին կներկայացնի ընդհանուր առմամբ 65 ցուցանմուշ: Արմինե Քոչարյանը փաստում է՝ դժվար է տանել այնտեղ ցուցանմուշները, բայց իրենք, միևնույն է, տանում են, որպեսզի մեր հայրենակիցները դիտեն այդ հրաշալի գործերը: «Հույս ունենք, որ բեյրութահայությունը կհավանեն ցուցահանդեսը»,­հավելեց նա: Ի դեպ, «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնում ամփոփված են բացառիկ և հազվագյուտ արվեստի գործեր: Բացի վերոնշյալ նկարիչների գործերից, այստեղ հնարավոր է տեսնել Ժոան Միրոյի, Սալվադոր Դալիի, Հովհաննես Այզվազովսկու և այլ հայտնի նկարիչների ստեղծագործությունները: «Կենտրոնն իր անվանը համապատասխան լավ գործեր է ներկայացնում»,­համոզված է Արմինե Քոչարյանը:

Scroll Up