ԵՊՀ-ն ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր միջոցառումների ցանկը
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի քննարկումների սրահում, մարտի 13-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվեց 2015 թվականին բուհի նախաձեռնությամբ կայանալիք ծրագրերի ցանկը։
ԵՊՀ-ում Հայոց ցեղասպանության նախապատրաստական աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԵՊՀ ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց ysu.am/armeniangenocide100/ համացանցային նախագծի վրա, որտեղ արդեն տեղ են գտել ԵՊՀ իրականացրած միջոցառումների ցանկը:
Հովհաննիսյանը հայտնեց, որ բուհը տարվա ընթացքում կազմակերպելու է շուրջ վեց տասնյակ միջոցառումներ, որոնց մեկնարկը կտրվի ապրիլի 21-ին: Այդ օրը հանդիսավոր արարողությամբ կբացվի ԵՊՀ Երախտիքի ծառուղին, որտեղ տեղադրված են 12 բրոնզաձույլ կիսանդրիները բոլոր այն օտարազգի հայտնի գործիչների, ովքեր իրենց նպաստն են ունեցել 20-րդ դարասկզբի մեծագույն ողբերգությունը հասարակական լայն շրջանակներում քննադատելու, բողոքի ու կարեկցանքի խոսքեր արտահայտելու, օգնելու եւ աջակցելու գործում:
Նույն օրը ԵՊՀ գրադարանում տեղի կունենա նաեւ Ցեղասպանության թեմատիկ գրականության սրահի բացումը, որին կհաջորդի ԵՊՀ գիտխորհրդի ընդլայնված նիստը: Տեղի կունենա տասը գիտաժողով, որոնցից երեքը՝ միջազգային բնույթի:
Լինելու են թե՛ գրքերի, թե՛ լուսանկարների տեսքով ցուցադրություններ, բաց դասեր, էսսեների եւ գրական ստեղծագործությունների մրցույթներ:
ԵՊՀ-ն 2015-ին ներկայացնելու է Հայոց ցեղասպանությանը նվիրված 25 հետազոտություն, որոնց շարքում մեծ թիվ են կազմում օտարալեզու հետազոտությունները:
Նախատեսված է ԵՊՀ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Սփյուռքի տարբեր համայնքներում իրականացվող միջոցառումներին (Ռուսաստանի Դաշնություն, Լիբանան եւ Իրանի Իսլամական Հանրապետություն):
Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեց «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը, որն իր բնույթով եզակի է:
«Ներկայումս այս մասնագիտությամբ կրթություն են ստանում 13 ուսանող ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքի տարբեր համայնքներից: 2015 թվականին ԵՊՀ-ն տալու է իր առաջին ցեղասպանագետ-միջազգայնագետ որակավորմամբ շրջանավարտները»,-նշեց Մհեր Հովհաննիսյանը:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանն իր հերթին նշեց, որ ԵՊՀ-ն մասնակցելու է նաեւ Ֆրանկֆուրտում կայանալիք աշխարհի գրքի ամենամեծ տոնավաճառին՝ ներկայացնելով մի շարք գրքեր Հայոց ցեղասպանության թեմայով, այդ թվում՝ Արման Կիրակոսյանի «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը եւ արեւմտահայությունը (19-րդ դար-1914 թ.)», ինչպես նաեւ Գոնսալո Գվարչի «Սպիտակ լեռը» գրքերը:
Բանախոսները ներկայացրին նաեւ ԵՊՀ-ի կողմից իրականացվող մշակութային միջոցառումների շրջանակներում դեպի Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր կատարվելիք այցերը, Արցախում, Ծիծեռնակաբերդի եւ Եռաբլուրի հուշահամալիրներում իրականացվելիք ծառատունկերը: