Մեր ապագան մեր ձեռքերում է կամ թարմ հայացք՝ հին խնդիրներին

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2013 թ. մարտի 10-ին 20 հայ երիտասարդներ հավաքվեցին Ալմաթիի «Լույս» հայկական մշակութային կենտրոնում և որոշեցին ստեղծել իրենց կազմակերպությունը։ Հենց այդ ժամանակ էլ ձևակերպվեց «Մեր ապագան մեր ձեռքերում է կամ թարմ հայացք՝ հին խնդիրներին» կարգախոսը, որը, ինչպես ցույց տվեց ժամանակը, նորաստեղծ կազմակերպության նպատակի լավագույն բանաձևն էր։ Ի՞նչն էր ստիպել տարբեր մասնագիտությունների և ամենատարբեր հետաքրքրությունների տեր այս մարդկանց ձեռնարկել նոր կազմակերպություն ստեղծելու դժվարին գործը։
– Ի՞նչն է մեզ միավորում։
– Ի՞նչ կարող ենք անել մենք մեր ազգային ինքնության պահպանման, մեր արմատներից չհեռանալու համար։
– Ինչպե՞ս միավորել Ղազախստանի հայ երիտասարդներին, որոնցից շատերը չգիտեն կամ մոռանում են իրենց մայրենին։
– Ինչպե՞ս կազմակերպության ներսում ստեղծել հայաշունչ և հայանպաստ ջերմ մթնոլորտ, որը դեպի իրեն գրավի հայ երիտասարդներին։
Հարցերն ու խնդիրները շատ էին, իսկ պատասխանը մեկն էր՝ ստեղծել համաղազախստանյան երիտասարդական կառույց, համախմբել հայ երիտասարդներին ազգային ինքնության, հայկական մշակույթի, ժողովրդական ավանդույթների շուրջ։ Եվ գտնվեցին երիտասարդ մարդիկ, ովքեր ստանձնեցին հայկական համայնքային կառույցները զարգացնելու, Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու դժվարին, բայց չափազանց կարևոր գործը։
Այսպես ծնվեց «Ղազախստանի հայկական երիտասարդական հիմնադրամ» կազմակերպությունը, որն իր գոյության 2 տարիների ընթացքում շատ բան է հասցրել անել։
Անվանման յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր մեկնաբանությունը։ Ինքներդ դատեք.
Ղազախստանի – Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ կազմակերպությունը գործում է Ղազախստանում, որը շատերի համար երկրորդ հայրենիք է դարձել։
Հայկական – քանի որ նրա անդամների երակներում հոսում է հայկական արյուն։
Երիտասարդական – որովհետև թիրախային լսարանը երիտասարդներն են, որոնց համախմբման ու զարգացման գործին է նպատակաուղղված կազմակերպության գործունեությունը։
Հիմնադրամ – որովհետև շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հետամուտ է սոցիալական, բարեգործական, մշակութային և կրթական նպատակների։
Հենց սկզբից պարզ դարձավ, որ ծրագրերը շատ են՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ, և նորաստեղծ կազմակերպությունը եռանդով գործի անցավ։ Շուտով կազմակերպությունն իր մասնաճյուղերը ստեղծեց նաև մայրաքաղաք Աստանայում, Ակտաուում և այլուր։
Այսօր հպարտանալու շատ բան ունեն Արմեն Աթանեսյանը, Մաքսիմ Դալլաքյանը, Արամ Նավասարդյանը, Սերոբ Մանուկյանը, Գրետա Խաչատուրյանը, Գարիկ Աբրահամյանը, Նարինե Աբրահամյանը, Գոհար Բորյանը, Էլվիրա Գրիգորյանը, Անժելա Ղազարյանը, Մհեր Մխիթարյանը, Օքսանա Բարոյանը, Ալեքսանդրա Նաջարյանը, Դավիթ Սարգսյանը, Տիգրան Տիգրանյանը և մյուսները։ Կազմակերպության անդամների թիվն օրեցօր աճում է։ Եվ պատահական չէ, որ նրան ճանաչում և գնահատում են ինչպես Ղազախստանում, այնպես էլ մայր հայրենիքում։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևան-Ալմաթի հեռուստակամուրջի ժամանակ կարևորեց ՂՀԵՀ-ի անդամների ակտիվությունը՝ ընդգծելով, որ համայնքների գոյատևման, զարգացման հիմքը, հենարանը երիտասարդությունն է, որին պետք է փոխանցել մեր լեզուն, մեր ավանդույթները: Նա դրվատանքի խոսքեր ասաց հայ երիտասարդների մասին, ովքեր, լինելով իրենց բնակության երկրի օրինապաշտ քաղաքացին, միաժամանակ շարունակում են հայ մնալ, ավելին, հպարտանում են որ հայ են, մի ազգի ներկայացուցիչ, որ հազարամյակների պատմություն ունի, հարուստ մշակույթ, ազգ, որը 1700 տարի առաջ ընդունել է քրիստոնեությունը:
Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանի բնորոշմամբ՝ այս պայծառ երիտասարդները կարողացել են հայաշունչ շատ ծրագրեր կյանքի կոչել և նոր շունչ են հաղորդել հայկական համայնքին։
Գովասանքի այս խոսքերն, անշուշտ, թևեր են տալիս, բայց նաև պարտավորեցնում են։ Եվ հայ երիտասարդները շարունակում են գործել նոր ոգևորությամբ՝ որպես ուղեցույց ունենալով Շառլ Ազնավուրի՝ Ալմաթիում ասված հետևյալ խոսքերը. «Որտեղ էլ որ լինեք, ինչ դիրք էլ որ զբաղեցնեք, երբեք մի՛ մոռացեք ձեր ազգային արմատների մասին, մի՛ հեռացեք դրանցից։ Տարիքի հետ այս գիտակցությունը խորանում է, բայց ես խորհուրդ եմ տալիս չսպասել դրան և սկսել այժմվանից»։
Մարտի 10-ին լրանում է կազմակերպության գործունեության 2 տարին։ Ոմանք կասեն՝ ընդամենը երկու տարի, մենք ասում ենք՝ ամբողջ երկու տարի։ Իսկ ամենակարևորն այն է, որ առջևում հայ երիտասարդներին սպասում են բովանդակալից և հետաքրքիր բազում ծրագրեր։
Շնորհավո՛ր ծնունդդ, Ղազախստանի հայկական երիտասարդական միությո՛ւն։
Շարունակի՛ր գործել ի բարօրություն Ղազախստանում ապրող մեր հայրենակիցների, երիտասարդական քո ավյունով նրանց սրտերում վա՛ռ պահիր հայ մնալու ցանկությունը, հայի երազանքներին կամք ու ոգի ներարկի՛ր, պատգամի՛ր սիրել Հային, Հայությունը և Հայաստանը։
Քեզ բարի ընթացք և ամենայն բարիք։
Անահիտ Զոհրաբյան