ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը Հրայր ՀովնանյանինԱմերիկայի հայկական համագումարի պատվավոր նախագահ ընտրվելու առիթով

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ

ՊԱՏՎԱՎՈՐ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՅՐ ՀՈՎՆԱՆՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Հովնանյան,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Համագումարի պատվավոր նախագահ ընտրվելու առիթով, որը Ձեր արդյունավետ գործունեության և ազգանվեր կյանքի լավագույն գնահատականն է:

Ձեր նախագահությամբ «Ամերիկայի հայկական համագումարը» ավելի քան չորս տասնամյակ ազգային գաղափարների շուրջ համախմբելով ամերիկահայերին`  սատարեց ԱՄՆ-ում հայ ազգային ինքնության զարգացմանը, ամերիկահայերի շահերի ու իրավունքների պաշտպանությանը, ՀՀ անկախությունից ի վեր` Հայաստանում և Արցախում տնտեսական և մարդասիրական աջակցության կազմակերպմանը:

Հիրավի, հայամետ կոնգրեսականների միջոցով ռազմավարական նշանակության խնդիրները Միացյալ Նահանգների Կոնգրեսում ներկայացնելով և ներազդելով հայանպաստ բանաձևերի ընդունման վրա` լոբբիստական Ձեր կառույցը եղել և մնում է Հայաստանի և Արցախի հուսալի դաշնակիցը ամերիկյան քաղաքական շրջանակներում:

ԱՄՆ-ի Կոնգրեսի և վարչակազմի անդամների հետ կազմակերպության ամենօրյա աշխատանքն էլ ավելի է կարևորվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Հայոց ցեղասպանության ճանաչման և միջազգայնացման ուղղությամբ տարվող աշխատանքներում համագործակցելով բոլոր ազդեցիկ ուժերի հետ իրականացնում եք համազգային գաղափարների շուրջ հայության համախմբման ազգանպաստ ծրագիրը՝ հանուն Սփյուռքի, Հայաստանի և Արցախի բարօրության: Անգնահատելի է Ձեր կառույցի ջանքերը ԼՂՀ-ի հիմնախնդրի կարգավորման շուրջ ԱՄՆ-ում հայանպաստ դիրքորոշման ձևավորման գործում:

Շնորհավորում եմ նաև «Ամերիկայի հայկական համագումարի» համանախագահներ Անտոնի Բարսամյանին և Վան Կրիկորյանին, որոնք իրենց անմնացորդ նվիրումով միշտ էլ իրենց նպաստն են բերել կառույցի կայացման և զորացման գործում:

Օգտվելով առիթից, որ այս օրերին Համագումարը Ֆլորիդայում անցկացնում է իր ամենամյա հոգաբարձուների խորհրդի անդամների հանդիպումը և քննարկելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները` մաղթում եմ Ձեզ, Հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներին, կառույցի բոլոր անդամներին հաջողություն և ձեռքբերումներ, հաղթանակներ` համազգային իղձերի իրականացման ճանապարհին:

Հարգելի պարոն Հովնանյան, ճիշտ է, Ձեզ գրելու առիթը Ձեր` պատվավոր նախագահի, և համանախագահների ընտրությունն է, բայց ես չէի կարող չանդրադառնալ բարերարությամբ հարուստ հայ ժողովրդի կյանքում նաև Հովնանյան ընտանիքի աննախադեպ բարեգործական առաքելությանը:

Վստահ ենք, որ Ձեր կողմից հիմնած «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը լինելու է շարունակական և տևական` ծառայելով ազգային կյանքի վերելքին և հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանը:

Կարևորում եմ հիմնադրամի համազգային նշանակությունը, հատկացումների ուղղությունները թե Հայրենիքում, և թե Սփյուռքում` մարդասիրական, կրթական, հոգևոր, գիտական և մշակութային ոլորտների ներդրումները` միտված հայոց կյանքի  բարելավմանը և վերելքին, որ կամրջում է Հայրենիք-Սփյուռք հոգևոր և մշակութային կապերը:

Ձեր բարերարությամբ Երևանի սրտում վեր խոյացող Սուրբ Աննա եկեղեցին Հայոց Եկեղեցու հանդեպ Ձեր ունեցած պակառանքի ինչպես նաև Ձեր` բարերարի ճշմարիտ կերպարի խոսուն վկայություններից է:

Մաղթում եմ Ձեզ, Ձեր զավակներին, Ձեր տիկինոջը` տիկին Աննային, ազնվազարմ հայուհուն` առողջություն և երկարակեցություն, նոր նպատակների և հայրենանվեր ձեռնարկների իրականացում:

Scroll Up