Հայրենադարձներ «Ինձ համար ճիշտ հայը նա է, ով մոտ է իր արմտաներին». Բյուզանդ Իգնատոսյան

Սիրիայում ծավալված պատերազմական գործողությունների պատճառով մեր հայրենակիցների մի մասը հանգրվանեց օտար ափերում, իսկ շատերն էլ եկան Հայրենիք: Մայրաքաղաքի Արամի փողոցի 70 հասցեում գործող «Վերդե» (կանաչ) հագուստի մաքրման կետի սեփականատերերի` սիրիահայ եղբայրներ Գևորգ և Բյուզանդ Ւգնատոսյանների հետ ունեցած իմ զրույցը կրկին հաստատեց դարերով ամրագրված հայտնի ճշմարտությունը` հայերն արարող են ու աշխատասեր: Ոսկերչության մեջ հմտացած Ւգնատոսյաններն իրենց համար այլ աշխատանք գտան, փոխեցին իրենց մասնագիտական ուղղվածությունը և հաստատվեցին Հայաստանում:  

–  Բյուզա´նդ, ասացեք խնդրեմ, Հայաստան տեղափոխվելու պատճառը Սիրիայում ծավալված պատերազմական գործողություննե՞րն էին, թե՞ ավելի վաղուց եք եկել:

–  Հայաստանի մասին մեր տանը միշտ զրուցում էինք, երբեմն մտածում էինք գալ ու հաստատվել Հայաստանում: Սկզբում այդքան էլ ստիպված չէինք գալու, սակայն այդ պատերազմական գործողություններից հետո որոշում կայացրինք. անշուշտ, հիմնական դրդապատճառը պատերազմը եղավ, սակայն մեր ծնողները մնացին Հալեպում: Ես մոտ 6 ամիս է, որ Հայաստանում եմ, իսկ եղբայրս` Գևորգը 2 տարուց քիչ ավելի: Մինչ այդ ես 3 անգամ եղել էի Հայաստանում:

–   Ինչպե՞ս ծագեց այսպիսի աշխատանք սկսելու գաղափարը, ո՞վ է հիմնադիր-տնօրենը:

–  Սիրիայում մենք այս աշխատանքով չենք զբաղվել. մեր պապենական գործը ոսկերչությունն է եղել: Մեր խանութը Հալեպում 80 տարվա պատմություն ունի. հիմա այն բախումների շրջանի` Ներսի Շուկայի թաղամասում է և չգիտենք, թե ինչ վիճակում է: Հագուստի մաքրման այս կետը բացելու գաղափարը Գևորգինն է: Նա մի ընկեր ունի, ով նման գործով է զբաղվում. երկուսով մտահղացում ունեցան, որ ավելի աչքի ընկնող տեղում և արդիական գործելաոճով, նոր նյութերով այսպիսի կետ բացեն: Մոտ 6-7 ամիս է, ինչ աշխատում ենք. հուլիսի վերջում եղավ բացումը, որին ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

–  Հաջողություններ ունե՞ք հաճախորդների առումով:

–  Շատերը դեռ տեղյակ չեն, չգիտեն մեր տեղը, սակայն արդեն ունենք մեր հաճախորդները. օրեցօր նրանց թիվն ավելանում է, հուսամ, որ այդ ընթացքը շարունակական կլինի:

–  Ձեր հաճախորդների մեջ կան և´ սփյուռքահայեր, և´ հայաստանցիներ, երևանցիներ. կարողանո՞ւմ եք հաղթահարել արևելահայերենի հետ ունեցած դժվարությունները:

–  Դժվարություններ չունեցանք, շուտ հասկանում ենք, բայց այստեղ գործածում են նաև ռուսերեն շատ բառեր, որոնք դժվարանում ենք հասկանալ:

–  Բյուզա´նդ, ինչո՞վ է առանձնանում Ձեր աշխատանքը հագուստի քիմմաքրման մյուս կետերից:

–  Մեզ մոտ գործում է թե´ քիմիական նյութերով մաքրման գործընթաց, թե´ բնական թանկարժեք նյութերով: Մեր օգտագործած բոլոր նյութերը բարձր որակ  ունեն, գերմանական են: Բնական մաքրումը նոր տեխնոլոգիայով է արվում, որի ներկայացուցիչը Հայաստանում մենք ենք: Բնական մաքրման համար օգտագործում ենք հատուկ հեղուկ` սիլիկո` պատրաստված անհոտ բնական նյութերից, որը նախատեսված է թանկարժեք, նուրբ, մետաքսե, կաշվե հագուստների , մուշտակների համար:

–  Մինչև հարցազրույցը փորձեցի ծանոթանալ Ձեր սպասարկման գնային քաղաքականությանը, որն իմ կարծիքով այնքան էլ մատչելի չէ:

–  Իհարկե, էժան չէ ծառայությունը, որովհետև նյութերը թանկ են: Մեկ անգամ մեր ծառայությունից օգտվողը կտեսնի տարբերությունը. ոչ մի հագուստ իր գույնը չի փոխում, ոչ մի աննշան թերություն անգամ չեք գտնի մաքրված հագուստի, կոշիկի վրա (այստեղ նաև կոշիկներ են մաքրվում, թարմացվում):

–  Մաքրման տեխնիկան ինչպե´ս եք ձեռք բերել, ո՞ր երկրից, ովքե՞ր են Ձեր հովանավորները:

–  Ամեն ինչ եվրոպական է, դրսից ենք բերել, այստեղ այսպիսի նորարարական սարքավորումներ չկան, իսկ հովանավորներ չունենք: Սա սեփական բիզնես է, և ամեն ինչ ես ու եղբայրս ենք ստեղծել, ձեռք բերել մեր միջոցներով:

–  Բյուզա´նդ, դու և եղբայրդ` Գևորգը, երիտասարդ եք. արդյոք ժամանակ գտնո՞ւմ եք նաև հաճախելու հասարակական վայրեր, մասնակցելու մշակութային միջոցառումներին:

–  Այո´, ժամանակ ենք գտնում և կարողանում ենք մասնակցել տարբեր միջոցառումների, հաճախել եկեղեցի, մեկնել մեկօրյա արշավների, ներկայացումներ ենք դիտում, համերգների ենք գնում:

–  Սիրիայից` մեկ այլ աշխարհից եկաք մի ուրիշ աշխարհ, անշուշտ, տեսաք ուրիշ բարքեր, ուրիշ սովորույթների ականատես եղաք. ինչի՞ն դժվարությամբ հարմարվեցիք:

–  Ճիշտ է, տարբեր են սովորույթները, բարքերը, մարդկային հարաբերությունները, սակայն ամեն ինչ կախված է համոզմունքից, սեփական մոտեցումից այդ ամենի նկատմամբ. այստեղ էլ բոլորը նույնը չեն, կան տարբերություններ հենց ներսում, նույն երկրում, նույն քաղաքում:

–  Ո՞րն է իսկական հայի կատարելությանը մոտ կերպարն ըստ Ձեզ:

–  Այն հայը, ով մոտ է իր արմատներին. դա´է ինձ համար ճիշտ հայը:

–  Ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:

–  Երբ չես եղել երբևէ քո Հայրենիքում, այն քեզ համար իդեալ է. պետք է ճանաչես Հայրենիքդ:

Կարինե Ավագյան

Scroll Up