Լոս Անջելըսի Իրանահայ Միութեան Սրահում Տեղի Պիտի Ունենայ Ալէք Բազուկեանի Ալբոմ-Երգարանի Շնորհանդէսը

Ուրախ ենք, որ իրանահայ վաստակաւոր Երգահան-խմբավար Ալէք Բազուկեանը հանդէս է գալու, «Ալբոմ-Երգարան» գրքով, ու հեղինակային ճոխ գեղարուեստական յայտագրով՝ Իրանահայ միութեան  (ԻՀՄ) նախաձեռնութեամբ:

Հանդէսը տեղի պիտի ունանայ Կիրակի, Յունիս 23, 2013-ի երեկոյեան ժամը 6-ին, ԻՀՄ շքեղ հանդիսասրահում: Ալէք Բազուկեանը իր չափազանց համեստ, բարի, քաղաքակիրթ նկարագրի շնորհիւ, սիրուել ու յարգուել է Իրանի մայրաքաղաք՝ Թեհրանում ու նաեւ Իրանի զանազան քաղաքներում: Ալէք Բազուկեանի լայնածաւալ գործունէութեան անդրադառնալու համար, պիտի ուսումնասիրել նրա նոր հրատարակուած «Ալբոմ- Երգարան» գիրքը, լսել նրա յօրինած հոգեզմայլ երգերը: Իսկ նրան ամերիկահայութեան ծանօթացնելու համար, յարմար ենք նկատում, ներկայացնել գրքում տպագրուած՝ նրա համառօտ կենսագրականը.
«Երաժիշտ, երգահան, խմբավար եւ ուսուցիչ Ալէք Բազուկեանը ծնուել է 1937 թուին Իրանի Իսֆահան նահանգի Նոր Ջուղա քաղաքում: Ծնողների հետ փոխադրւում է Համադան եւ իր նախնական կրթութիւնը ստանում է տեղի հայոց «Նուր» դպրոցում: Փոքր տարիքից մեծ սէր եւ հետաքրքրութիւն է ցուցաբերում երաժշտութեան նկատմամբ: Ամառային արձակուրդներին վերադառնալով Նոր Ջուղա երաժիշտագէտ Բիւզանդի մօտ դաշնամուրի, ակարդիոնի եւ հարմոնիայի դասեր է վերցնում: Աշակերտում է նաեւ անուանի ակարդիոնահար Յովիկ «Եաղուբ» Յակոբեանին եւ նուագում նրա երաժշտախմբում:
1950 թուին փոխադրուելով Շիրազ, միջնակարգ ուսումը ստանում է այդ քաղաքում: Այդ թուին երբ 14 տարեկան էր, կազմում է պատանեկան երգչախումբ, (որն առաջինն էր այդ քաղաքում) եւ հինգ տարիներ շարունակ մասնակցում է գաղութի ազգային ու մշակութային բոլոր ձեռնարկներին:
1951 թւին, երբ Իրանի Մոհամադ Ռէզաշահ արքայի եւ Սորայա թագուհու Շիրազ այցելութեան առիթով տեղի Զինուորական Ակումբը կազմակերպել էր բարի գալստի երեկոյ, պատանի Ալէք Բազուկեանին հրաւիրում են մասնակցելու նուագախումբին: Երեկոյի ընթացքում ակարդիոնի վրայ նա կատարում է Արամ Խաչատրեանի «Վալսը» որն գնահատւում է բուռն ծափահարութիւններով եւ արժանանում բոլոր ներկաների գնահատանքին:
1956 թւին հաստատուելեվ Թեհրան, շարունակում է զարգացնել իր երաժշտական գիտելիքները, յաճախելով Քարմէն Օզարիոյի դաշնամուրի դասարանը եւ նրա ամուսնու՝ Սոլէ Օզարիոյի մօտ «Քլասիքալ գիթառ»ի դասեր է վերցնում: Հարմոնիայի եւ կոմպոզիցիայի դասեր է վերցնում Եուսեֆ Եուսեֆզադէի մասնաւոր դասարանում: Այդ ուսումնառութիւնները մեծ դեր են ունենում նրա ապագայ երաժշտական գործունէութեան վրայ:
1958 թուից որպէս երգ-երաժշտութեան ուսուցիչ պաշտոնավարում է Թեհրանի հայոց ազգային նախ «Հախնազարեան» ապա «Արաքս» «Գոհար» եւ «Ռոստոմ» դպրոցներում, հիմնելով երգչախմբեր, սէր եւ հետաքրքրութիւն է առաջ բերում գալիք սերունդի մէջ հայ երաժշտութեան նկատմամբ: Տասը տարի պաշտօնավարում է «Իրան Ակորդ» մասնաւոր երաժշտական 3 դպրոցներում, դաստիարակելով բազմաթիւ հայ եւ պարսիկ աշակերտների: Պաշտօնավարութեան ընթացքում ծանօթանում է ուսուցչուհի Աստղիկ Քէշիշեանի հետ, ապա ամուսնանում է1962 թուին, բախտաւորուելով 3 զաւակներով՝ Արազ, Անի եւ Արին: Նոր աւիւնով ամբողջովին նուիրուելով երաժշտական ասպարէզին, իր կեանքի ընկերոջ քաջարելանքով 1963 թուին Թեհրանում հիմնում է «Արազ» երգչախումբը, որի 60-80 մասնակից երգիչ, երգչուհիներին փոխանցում է երգեցողութեան կարեւոր գիտելիքներ՝ նոտագրութիւն, «Սոլֆեջիա»: Այսպիսով այդ տարիները դառնում են բեղուն — ստեղծագործական շրջան:
Նա յօրինում է 100ից աւելի երգեր, խմբերգեր եւ զուգերգեր, որոնք բազմիցս անգամներ հնչել են թեհրանահայ բեմերում, ու մի մասը վերցւում են քասեթի վրայ եւ յետոյ «սի.դի» են դառնում, որոնք սփռւում են մինչեւ օրս Այդ երգերից յիշենք «Ափսոսանքի պահեր», «Կարօտներ», «Հայաստան եւ այլ երգեր:
Ալէք Բազուկեանը եւ «Արազ» երգչախումբը բացի տարեկան համերգներից սիրայօժար մասնակցութիւն են ունեցել ազգային բնոյթ կրող ձեռնակներին, որոնք կազմակերպուել են բոլոր միութիւնների եւ կազմկերպութիւնների կողմից, «Արազ» երգչախումբի աշխատանքներին զուգահեռ Ալէք Բազուկեանը ղեկավարել է «Արմէն» սկաուտական «Արմէն» երիտասարդական միութեան երգչախումբերը: Համագործակցել է վաստակաւոր պարուսոյց Ելենա Աւետիսեանի պարային դպրոցի ձեռնարկներին եւ հեռուստատեսութեան ծրագրներին: «Արազ» երգչախումբը ելոյթներ է ունեցել նաեւ Նոր æուղայում: Երգչախումբի համերգների գործոնէութեանը անդրադարձել են Թեհրանի «Ալիք» օրաթերթը, «Հայրենիքի Ձայն», Երեւան, «Քուլիս» հանդէսը Ստամբուլ եւ այլ թերթեր:
Բազուկեան յիշատակելի ելոյթներ է ունեցել 1976-78 թուերին. յիշատակելի է յատկապէս յուշերեկոն՝ նուիրուած Հրաչեայ Աճարեանի ծննդեան 100ամեակին, ՀԲԸ  Միութեան 70ամեայ յոբելեանը, Խորէն Ա. կաթողիկոսի հոգեւոր ձեռնադրութեան 40 ամեակի հանդէսը, Վան-Վասպուրականի հերոսամարտի հերոսների 63րդ տարեդարձի ոգեկոչումը եւ տասնեակ մշակութային ու ազգային ձեռնարկները: 28 երկար տարիների ազգային, կրթական, երաժշտական բեղուն վառ տարիները մի պահ կանգ առան 1978 թուին, երբ Ալէք Բազուկեանը ընտանեօք հաստատուեց Ամերիկայի Միացեալ Նահանգներում»:
Եկեք միասին վայելենք՝ Իրանահայ Միութեան նախաձերնութեամբ այս իւրայատուկ միջոցառումը, որը տեղի պիտի ունենայ Կիրակի, Յունիսի 23ին, երեկոյեան ժամը 6ին, Իրանահայ Միութեան շքեղ սրահում, վայելենք եւ գնահատենք վաստակաւոր երաժիշտ, երգահան, խմբավար եւ ուսուցիչ՝ Ալէք Բազուկեանին: Մուտքը ազատ է:

Անուշ Ալեքսանեան-Հովեեան

asbarez.com

Scroll Up