«Ցեղասպանություն, որ հավերժացվում է անտարբերությամբ». պարագվայցի մտավորականի հոդվածը
Պարագվայցի գրող, պատմաբան և ճարտարապետ Խորխե Ռուբիանին անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Ռուբիանիի հոդվածը, որը հրապարակվել է Genocidoarmenio բլոգի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իսպանախոս մտավորականների հոդվածաշարում, armeniangenocide100.org-ը ներկայացնում է որոշ կրճատումներով.
Ապրիլի 24-ին լրանում է Հայոց հոլոքոստի հարյուրամյա տարելիցը: 1915 թվականի այդ նույն օրը թուրքական կառավարությունը ձերբակալեց հայ համայնքի 235 անդամի: Այն շարունակվեց հաջորդող օրերի, ամիսների ու տարիների ընթացքում և, տարածվելով հայերի նախնյաց բնակավայրերում, ուղեկցվեց ձերբակալություններով, հալածանքներով և տղամարդկանց, կանանց ու երեխաների սպանություններով: Թեև նախորդ դարում թուրքերն արդեն հայ քաղաքացիներին կոտորածներ իրականացրել էին, հենց ապրիլի 24-ը դարձավ համակարգված բնաջնջման սկիզբը, որի ժամանակ զոհվեց մոտ երկու միլիոն հայ, բռնագրավվեց և յուրացվեց նրանց ունեցվածքը, ոչնչացվեցին հազարամյակների քաղաքակրթության և մշակույթի պատմությունն իրենց մեջ կրող հայոց գյուղերն և քաղաքները:
Օսմանյան կայսրության իրականացրած վայրագությունները որևէ կապ չունեն պատերազմական գործողությունների հետ, որոնք նկարագրվում են տարբեր աղբյուրներում և որոնց միջով անցել են Ցեղասպանությունը վերապրած հայոց Սփյուռքի ներկայացուցիչները:
….Պատմական աղբյուրները ահասարսուռ տեսարաններ են մերկացնում. այրվող տներ` բնակիչների հետ միասին, բռնաբարված ու տանջահար կանայք, գետը նետված երեխաներ: Արևելյան նահանգներում զանգվածային կոտորածները վերապրածները մահանում էին քաղցից կամ՝ հյուծվելով աքսորի ճանապարհին: Մեծ թվով երեխաների, որոնց թիվը հասնում է 100 000-ի, բռնի ուժով խլում էին իրենց ընտանիքներից, որպեսզի կրթեն թուրքական կամ քրդական ընտանիքներում` այլ համոզմունքներով և լեզվով:
Դժվար է սառը ակադեմիական վերլուծության ենթարկել նման երևույթը կամ բացատրել գաղափարական նկատառումներով: Հրեշավոր հանցագործությունը, որը բնութագրվում է ավելի ուշ ի հայտ եկած «ցեղասպանություն» տերմինով, ստիպում է մեզ բախվել մարդկային ռասայի բնածին արատին` արյունռուշտ բռնություն այլ մշակույթի ներկայացուցիչների նկատմամբ:
Սա երկար ու արյունոտ ճանապարհ էր մարդկության պատմության մեջ: Պետք է հիշել: Զարմանալի է, որ 21-րդ դարում աշխարհի լռությունն ու անտարբերութունը շարունակում է լռեցնել հայ ժողովրդի ճիչը: Հնարավոր է` դա նրանց անարդարության պատճառով է, որոնք ինտեգրվում են խաղաղության հանձնաժողովներում, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններում կամ անվտանգության միջազգային համաժողովներում:
Է′լ ավելի զարմանալի է, որ բազմաթիվ ժողովրդավար պետություններ շարունակում են աչք փակել երեկվա բռնության ու անարդարության վրա` այսօր կրկին վերահաստատելով աշխարհում տիրող առևտրային հավասարակշռությունը: Չար անտարբերության սերմերը կարող են անգամ սպառնալիք դառնալ մոլորակի համագոյակցության ոգուն:
Սա «չարի անընդունելիության» հավերժական երույթն է, որի տարածումն անընդմեջ խրախուսվում է: Չկա այլևս արդարություն, համերաշխություն կամ ճանաչում, առավել ևս` մեղավոր պետությունների ու խմբավորումների դատապարտում կամ պատժում…
Նահատակությունից հարյուր տարի անց հայ ժողովուրդն սպասում է նույն հույսով և նույն ցավով…