Բուենոս Այրեսում արգենտինահայերը բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/03/28.02.15-673argentina.jpg)
Բուենոս Այրեսում՝ Ադրբեջանի դեսպանատան դիմաց, բողոքի ցույց է կազմակերպվել Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում հայկական կոտորածների զոհերի հիշատակը ոգեկոչելու եւ Արգենտինայում ադրբեջանցի դիվանագետների հակահայկական գործողությունների մասին տեղեկցանելու համար: Բողոքի ակցիային մասնակցել են Արգենտինայի հայ համայնքի 300 անդամ, Հայկական հարցը պաշտպանող քաղաքական կազմակերպություններ:
Ինչպես հայտնում է Agencia Prensa Armenia գործակալությունը, Հայ երիտասարդական հիմնադրամի անդամ Արի Ասադուրյանի խոսքով Ադրբեջանում ապրող հայերի սպանությունները, հալածանքները, ահաբեկումները եւ տեղահանությունները մինչեւ 80-ական թվականների վերջերը մարդկության դեմ հանցագործություններ են, որոնց պատասխանատվությունը պետք է կրի Ադրբեջան պետությունը: Ավելին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Բուենոս Այրեսի հանձնաժողովն օրեր առաջ հայտարարություն է արել, որում ասվում է, որ «աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերը եւ նրանց ժառանգները պատրաստվում են ոգեկոչել ողջ պատմության ընթացքում տեղի ունեցած վատթարագույն աղետի հարյուրերորդ տարելիցը: Ադրբեջանում հայերի կոտորածները «չեն կարող առանձնացվել թուրքական պետության եւ Հարավային Կովկասում նրա դաշնակիցների խտրական քաղաքականությունից»:
© Երկիրմեդիա