Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունն այդ երկրում
Փետրվարի 25-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Գրիգոր Առաքելյանը հանդիպեց Իրանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մորթեզա Սարմադիի հետ:
Մորթեզա Սարմադին անդրադարձավ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարիդրացիական հարաբերություններին և նշեց, որ Իրանը հատուկ կարևորություն է տալիս հարևան երկրների հետ հարաբերություններին: Ըստ Սարմադիի` երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելություններն արդեն իսկ վկայում են, որ հայ-իրանական համագործակցության ընդլայնման ու զարգացման համար որևէ խոչընդոտ չկա:
Շնորհակալություն հայտնելով իր առաքելության ընթացքում ձևավորված աշխատանքային ջերմ մթնոլորտի համար` դեսպան Առաքելյանն իր հերթին գոհունակություն հայտնեց վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների բազմապատկման առնչությամբ:
Հանդիպման ավարտին Մորթեզա Սարմադին շնորհակալություն հայտնեց դեսպան Առաքելյանին դիվանագիտական աշխատանքի համար և հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ: