Կոլումբիական պարբերական. Մարդկությունն ավելի ու ավելի շատ է հիշում հայերի մասին

Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության ժխտումը եղել է Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը: Այս մասին News.am-ի փոխանցմամբ՝ գրում է կոլումբիական El Espectador պարբերականը:

Ժխտվում էին իրադարձությունները, որոնք հանգեցրին շուրջ 1.5 մլն հայերի ոչնչացման: Ոմանք մահապատժի են ենթարկվել, մյուսներին քշել են անապատներ ու լեռներ: Թուրքիայի հանրապետությունում այդ իրադարձությունները «ցեղասպանություն» բառով կոչելը, ըստ պարբերականի, նշանակում է դիմել քրեական հանցագործության ռիսկի:

«1915 թվականի ապրիլին, երբ Օսմանյան կայսրությունը միացավ Կենտրոնական Եվրոպայի գերտերություններին, սկսեց Հայոց ցեղասպանությունը, որի մասին բազմաթիվ դիվանագիտական եւ մամուլի վկայություններ կան: Հայերին մեղադրում էին կայսրության «քրիստոնյա թշնամիներին» աջակցելու համար: New York Times-ը տեղի ունեցածն անվանել է «կանոնավոր արշավ՝ կազմակերպված եւ քողարկված իշխանությունների կողմից»: Հազարավոր հայեր իսլամ ընդունեցին՝ իրենց կյանքը փրկելու համար:

Հայերը՝ դեռեւս 301 թվականին քրիստոնեություն ընդունած աշխարհի առաջին ժողովուրդը, որոնք դարերով ապրել են Փոքր Ասիայում, հատկապես Անտոլիական հովիտներում, էթնիկ մաքրումների քաղաքականության զոհ դարձան: Մալթայում եւ Կոստանդնուպոլսում բրիտանացիների եւ հենց օսմանցիների կողմից պատերազմից հետո ստեղծված տրիբունալները պետք է պատժեին Ցեղասպանության հանցագործներին, սակայն այն ժամանակ ճանաչված միջազգային իրավունք դեռեւս չկար:

Այդ տրիբունալներն արձակեց Թուրքիայի հանրապետության հայր Մուսթաֆա Քեմալը: 1924 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո Թուրքիայի հանրապետությունը քրդերի ձուլման քաղաքականություն սկսեց, որոնց ավելի քան կես դար արգելվում էր օգտագործել իրենց լեզուն, ազգային տարազը, սովորույթները:

Հիտլերին է վերագրվում հետեւյալ արտահայտությունը. «Ո՞վ է հիմա հիշում հայերի մասին»: Բայց նրանց մասին հիշում էին, եւ այսօր մարդկությունն ավելի ու ավելի շատ է հիշում հայերի մասին՝ պահանջելով Ցեղասպանության ճանաչում, արդարություն ու փոխհատուցում: ՆԱՏՕ-ին անդամակցությունը Սառը պատերազմի տարիներին Թուրքիային օգնել է հրաժարվել խոսել պատմության մասին, բայց, թվում է, դրա ժամանակն արդեն եկել է: «1915 թվականին սպանված հայերի սերունդներին ցավակցությունների» մասին հայտարարությունը, որը տարածեց այն ժամանակվա վարչապետ Էրդողանը, դրա սկիզբն է»,- գրել է պարբերականը:

Scroll Up