Բերիո հայոց թեմում քննարկվել են սիրիահայության խնդիրները

Բերիո հայոց թեմի ազգային երեսփոխանական ժողովը փետրվարի 20­21­ին, Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցու ներքնասրահում, նախագահությամբ Բերիո հայոց թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահան Ս. արքեպիսկոպոս Սարգսյանի, գումարել է իր 159-­րդ նիստը:

Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին Բերիո հայոց թեմից, ժողովին մասնակցել են առաջնորդի օգնական Գերապատվելի Տ. Վահան Ծ. վարդապետ Պերպերյանը, Հալեպի քահանայից դասը, Ազգային վարչության և Ազգային կրոնական ժողովների անդամները, ինչպես նաեւ Ազգային իշխանության խորհուրդների ատենապետները: Ժողովն սկսվել է Գերաշնորհ առաջնորդ Սրբազան Հոր աղոթքով եւ բացման խոսքով:

Նա բարձր է գնահատել այն ժողովականներին, որոնք իրենց վերապահված առաքելությանը հավատարիմ` հանձնառությամբ լծված են սիրիահայության և թեմական կյանքի զանազան բնագավառներին առնչվող աշխատանքներին, ինչպես նաեւ գնահատել է սիրիահայության, եւ, մասնավորապես Հալեպի հայ համայնքի զավակներին, որոնք, ամուր կառչած իրենց ազգային եւ թեմական բազմաբնոյթ կառույցներին, միասնականությամբ փորձում են շրջանցել սիրիահայությանը վիճակված ծանր դժվարությունները: Ազգային երեսփոխանական ժողովը տեսաձայնագրության միջոցով ունկնդրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.­ի` այս առիթով փոխանցված Հայրապետական պատգամը: Վեհափառ Հայրապետը նախ իր Հայրապետական օրհնությունն է փոխանցել, ապա իր խոր գնահատանքը հայտնել Բերիո Հայոց թեմի առաջնորդին, հոգեւորական դասին, ժողովրդին եւ բոլոր ծառայողներին, վերահաստատել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործնական զորակցությունը սիրիահայությանը` ընդգծելով Հալեպի` սիրիահայության կենտրոնը լինելու հանգամանքը և հալեպահայ համայնքի հեղինակությունը պահելու հրամայականը: Վեհափառ Հայրապետը շեշտել է վերադասավորման, վերակազմակերպման ու վերաշխուժացման միջոցով միասնակամությամբ Բերիո Հայոց թեմի եւ սիրիահայության վերականգման անհետաձգելի գործին լծվելու անհրաժեշտությունը, մանավանդ, երբ Սիրիայի հայ համայնքը իբրեւ պատմական գաղութ` կարեւոր տեղ է գրավում ողջ հայության համայքային կյանքում:

Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին գումարած իր այս նիստում Բերիո Հայոց թեմի ազգային երեսփոխանական ժողովը վերահաստատել է, որ սիրիահայությանը վիճակված ծանր ու տագնապալի մերօրյա կացությունն առավել հաստատակամ կդարձնի մեր ժողովրդին` իր պահանջատիրական երթի մեջ: Ազգային երեսփոխանական ժողովը հանգամանորեն քննության է ենթարկել Սիրիային վիճակված տագնապի հետեւանքով սիրիահայության ընդհանրապես եւ Բերիո հայոց թեմի մեր ժողովրդին կառույցներին եւ հասարակական կյանքում մասնավորապես, դիմագրաված դժվարությունները և դրանք մեղմացնելու հնարավորությունները: Ազգային երեսփոխանական ժողովի կազմած չորս աշխատանքային հանձնախմբերը ներկայացրել են չորս զեկույցներ, համապատասխան առաջադրանքներով` ժողովրդական տեղաշարժ եւ հետեւանքներ, թեմական կառույցների վերադասավորում, ազգապատկան կալվածքների առանձնացում, տնտեսական կարիքների եւ հնարավորությունների տնօրինում: Երկու օրվա ընթացքում ժողովի մասնակիցները քննարկել են վերոհիշյալ հույժ կարևոր խնդիրները` համապատասխան հանձնարարականներ տալով գործադիր ժողովներին, որպեսզի սիրիահայությունը, թեմական ժողովուրդը եւ հատկապես Հալեպի հայ համայնքը կարողանան թոթափել աղետալի ու բացասական հետևանքները, կարողանան հաստատակամ շարունակել իրենց գոյությունը: Ազգային երեսփոխանական ժողովը, երախտապարտ լինելով տագնապալի շրջանում սիրիահայությանը տրամադրված բոլոր օժանդակությունների համար, ընդգծել է, որ սիրիահայության տագնապը ողջ հայության տագնապն է, եւ առկա պայմաններից ելնելով, կարևորում է այդ օգնության անհրաժեշտությունը:

Ազգային երեսփոխանական ժողովն իր աշխատանքները շարունակելու է գործնական եւ իրատեսական ծրագրերն իրականացնելու նոր հանձնառությամբ: Ժողովն ավարտվել է Սրբազան Հոր փակման խոսքով և պահպանիչ աղոթքով:

Scroll Up