Վառնայի «Զոր. Անդրանիկ» հրապարակում նշվելու է Զորավար Անդրանիկի ծննդյան 150 ամյակը

Փետրվարի 25-ին լրանում է հայ ազգային հերոս, հայ և բուլղար ժողովուրդների ազատագրության մարտիկ Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակը:
Այս առիթով Բուլղարիայի հայերի միության նախաձեռնությամբ և օրհնությամբ Վառնայի ս. Սարգիս հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Արժ. Տ. Բարթողիմեոս քհն. Հակոբյանի՝ փետրվարի 25-ին՝ ժամը 17:30-ին, Վառնայի Գալատա թաղամասի «Զոր. Անդրանիկ» հրապարակում տեղադրված նրա հուշարձանի մոտ տեղի կունենա հոգեհանգստյան կարգ և ծաղիկների ու ծաղկեպսակների զետեղում՝ ի հիշատակ մեծն Զորավարի:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Բուլղարիայի հայերի միությունից. «Ովքեր ցանկանում են այդ օրը հիշատակել հայ ազգային հերոս Զոր. Անդրանիկի 150-ամյա հոբելյանը, ինչը ամեն մի հայորդու սրբազան պարտքն է մեծն Զորավարի անմահ հիշատակի առջև, կոչ ենք անում մինչև ժամը 17:00-ը լինել Վառնայի ս. Սարգիս եկեղեցու բակում, որտեղից մեքենաների շարասյունը կշարժվի դեպի միջոցառման վայրը»: