Բերքլիի ուսանողները պահանջում են Թուրքիային զրկել միլիոնավոր դոլարներից

Կալիֆորնիական Բերքլիի համալսարանի ուսխորհուրդը միաձայն կողմ է քվեարկել բանաձեւի նախագծին, որը կոչ է անում Թուրքիային զրկել 72.6 մլն դոլարի չափով Կալիֆորնիական համալսարանի պարտատոմսերից ու ներդրումներից՝ այդ երկրի կողմից հանցագործություն կատարելու եւ Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման համար: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ԱՄՆ Հայ երիտասարդաց դաշնակցության մամուլի ծառայությունում:

Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի ուսանողական մարմնից հետո սա արդեն երկրորդ բուհն է, որը նման որոշում է կայացնում: «Ստանալով ոչ միայն Կալիֆորնիայի հայ համայնքի, այլեւ ընդհանրապես Բերքլիի հասարակության աջակցությունը, մենք հպարտ ենք, որ այսօր պատմության մաս ենք դառնում՝ Բերքլիի համալսարանում այս նախագծի ընդունման ճանապարհով»,- ասաց համալսարանի ուսանողուհի եւ Հայ երիտասարդաց դաշնակցության անդամ Սարին Աբեշյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ 2015 թվականի հունվարին Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի ուսանողական մարմինը միաձայն բանաձեւ էր ընդունել՝ կոչ անելով Թուրքիային զրկել 72.6 մլն դոլարի չափով Կալիֆորնիական համալսարանի պարտատոմսերից ու ներդրումներից՝ այդ երկրի կողմից հանցագործություն կատարելու եւ Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման համար:

Բանաձեւը, որի նպատակն է «դադարեցնել Հայոց ցեղասպանության շարունակությունը», ընդունվել է միաձայն՝ 12 քվեով: Բանաձեւի ընդունումը Արեւմտյան Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցության գլխավորությամբ իրականացված ավելի ընդարձակ նախաձեռնության (#DivestTurkey) մաս է կազմում, որի նպատակն է՝ տարբեր հաստատությունների կոչ անել կապիտալը դուրս բերել Թուրքիայի Հանրապետությունից:

Scroll Up