Ասիայի եկեղեցիների խորհրդի նիստում անդրադարձել են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, լինելով Ասիայի եկեղեցիների խորհրդի անդամ, մասնակցել է Բանկոկում կայացած՝ Խորհրդի գործադիր վարչության նիստին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքին հղումով, Կաթողիկոսությունը ներկայացրել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Սեպուհ Արքիեպիսկոպոս Սարգիսյանը: Նիստի օրակարգում եղել են 2 գլխավոր թեմաներ՝ ընդհանուր քարտուղարի ընտրություն և խորհրդի 14-րդ համաժողովի քննարկում, որը պետք է տեղի ունենա Ջակարտայում:
Նիստի ընթացքում Սեպուհ Սրբազանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Մասնակիցներն իրենց զորակցությունն են արտահայտել և ընդհանուր քարտուղարին հորդորել են այս առիթով Ասիայի եկեղեցիների խորհրդին անդամակցող բոլոր եկեղեցիներին պաշտոնական նամակ ուղարկել՝ ապրիլի 24-ին մեր նահատակների հոգիների համար աղոթելու նպատակով:
Նաև որոշվել է, որ ԱԵԽ-ի համաժողովը հատուկ անդրադարձ կկատարի տարելիցին:
Ժողովը դոկտ. Մատու Ջորջ Շունաքարային միաձայն ընտրել է որպես ԱԵԽ-ի ընդհանուր քարտուղար: Դոկտ. Շունաքարան պատկանում է հնդիկ Մար Թոմա եկեղեցուն: