Ֆրունզիկ Կիրակոսյանին նվիրված հուշ-ցերեկույթի ժամանակ վերաարժեւորվեցին նրա ստեղծագործությունները

Բանաստեղծ և թարգմանիչ Ֆրունզիկ Կիրակոսյանի ստեղծած գրականությունը ժառանգություն է, որը պետք է գնահատել: Հունիսի 19-ին Հայաստանի գրողների միությունում բանաստեղծի ծննդյան 70-ամյակին նվիրված հուշ- ցերեկույթի ժամանակ նման գնահատմամբ հանդես եկավ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: «Ինչքան հեռանում ենք Ֆրունզիկ Կիրակոսյանի երկրային կյանքի իրողությունից, այնքան ավելի տեսանելի է նրա` իբրև մարդ ու իբրև մտավորական տեսակը: Նա իր աշխարհի մեջ էր ու շատ չէր մխրճվում գրական մշակութային անցումի մեջ, հետևաբար, երջանկություն էր, որ այդքան ժամանակ գտավ ու ստեղծեց այդ գրքերը: Այդ ամենը նա անում էր
լոռեցու ջանասիրությամբ ու պատասխանատվությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Լևոն Անանյանը:

Բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանի կարծիքով` Ֆրունզիկ Կիրակոսյանը, պատերազմական իրավիճակների պատճառով կյանքում ունենալով դժվարություններ, ունեցավ դժվարություններ նաև գրական ասպարեզում ինքնահաստատվելիս: «Երբ լույս տեսան նրա բանաստեղծական առաջին գրքերը, նա արդեն հասուն բանաստեղծի կերպար ուներ: Նրա վերջին` «Միացում» խորագրով պոեմը, որը վերջին ժամանակների ամենացնցող, հպարտացնող ու ցավեր առաջացնող թեման էր արցախյան հերոսամարտից հետո, մեր անկախ պետության ստեղծման ընթացքն էր ներկայացնում: Այստեղ նա շատ գեղեցիկ, պատկերավոր ու տաղանդավոր է ներկայացնում` ստիպելով մարդկանց խորհել»,-ասաց
բանաստեղծը` հավելելով, որ Կիրակոսյանը շատ խորը անհատականություն էր, ով գրեց ամենօրյա մտորումների, հարցադրումների ու պատասխան գտնելու համար արժեքավոր գրքեր:

Ֆրունզիկ Կիրակոսյանը գրելուց բացի նաև թարգմանություններ է կատարել` թարգմանելով ռուս գրողներ Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Աննա Ախամատովայի, Բորիս Պաստեռնակի և այլնի ստեղծագործությունները:

Բանաստեղծ, թարգմանիչ Ֆրունզիկ Կիրակոսյանը ծնվել է 1943թ-ին Ալավերդի քաղաքում: Գրել է բանաստեղծություններ ու պոեմներ, որոնց հետ միասին իր կատարած թարգմանությունները տպագրվել են տարբեր գրական ու մշակութային ամսագրերում: Մահացել է 2012թ.:

Scroll Up