ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը Օդեսայի Մ. Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցի 10-ամյակի առթիվ
Օդեսայի հայկական համայնքի հարգարժան նախագահ պարոն Տիգրանյան,
Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցի հարգելի տնօրեն տիկին Էլեն Պողոսյան,
սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, թանկագին հայրենակիցներ,
«Գրական ստուդիայի» աշխատակիցներ, սաներ,
Ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում հայկական կիրակնօրյա դպրոցի 10-ամյա և Գրական ստուդիայի 15-ամյա հոբելյանի առթիվ:
Շնորհակալական խոսքս եմ ուղղում Օդեսայի հայ համայնքին, ուսուցիչներին, ծնողներին, բոլոր մեր հայրենակիցներին` հայ երեխաների հայեցի կրթության և դաստիարակության սրբազան գործին անմնացորդ նվիրումի, դպրոցի հայակերտման առաքելությունն իրողություն դարձնելու համար:
Օտար երկրում սերունդներին հայ պահելու գործում, ազգային ինքնության կորստի սպառնալիքի դեմ պայքարում, հիրավի մեծ է հայ դպրոցի` որպես ազգային հենասյունի, հայապահպանության գլխավոր գործոնի դերը:
Մեզ համար Օդեսայի հայկական մեկօրյա դպրոցը Ուկրաինայի բազմազգ իրականության մեջ հայերենի ուսուցման, հայագիտական գիտելիքների հաղորդման, հայ ուսուցիչների հեղինակային ծրագրերի ներդրման ու արդյունավետ կիրառման, ազգային-հայրենասիրական դաստիարակության դարբնոց է: Այն Օդեսայի համայնքի համար կենտրոնն է հայապահպանության, սերունդների հայեցի կրթության և դաստիարակության, հայակերտման և մարդակերտման: Երկար կարելի է խոսել ձեր և նախարարության գործընկերության, մեր ծրագրերին ձեր մասնակցության, համատեղ ձեռնարկների մասին, բայց ամփոփ պետք է ասեմ, որ դրանցում իրենց անգնահատելի դերակատարությունն ունեն Սուրբ Մաշտոցի անունը կրող դպրոցը, մեր սիրելի ուսուցչապետն ու նվիրյալ ուսուցչուհին՝ Էլեն Պողոսյանը, որին առանձնապես շնորհավորում եմ այս նույն սրբոց–կրթարանում հայ երեխաներին մայրենին ուսուցանելու, հայեցի դաստիարակելու 15-ամյա գործունեության առթիվ: Նրա հետ միասին այս դպրոցում, Կալուստյանի անվ. մշակույթի կենտրոնում, «Գրական ստուդիայում», «Օջախ» կանանց միությունում, «Բարեկամություն» պարային համույթում, «Վերնատուն» և «Հայկական լրատու» ամսագրերում աշխատում ու հայապահպանության գործն են արարում, համազգային առաջնահերթության խնդիրների լուծմանն իրենց ներդրումն են ունենում ուսուցիչների մի ողջ աստղաբույլ, հայասեր ու հայրենասեր օդեսահայերի մի ողջ բանակ: Եվ պատահական չէ, որ անցած տարիներին մեր գնահատանքին՝ նախարարության մեդալներին, պատվոգրերին են արժանացել դպրոցն ու տնօրենը, ուսուցիչները, համայնքի ակտիվ անդամները:
Տիկին Պողոսյանի գլխավորած դպրոցը, ուսուցիչները, դպրոցի սաները մշտապես մասնակցել են նախարարության ծրագրերին, ամենամյա մրցանակաբաշխություններին, համատեղել մեզ հետ բազմաթիվ միջոցառումներ:
Մեզ ուրախացնում է, որ Օդեսայի հայկական մեկօրյան համարվում է Ուկրաինայի օրինակելի դպրոցներից մեկը և հայապահպանական բազմապիսի ձեռնարկների նախաձեռնողը: Հուսով եմ` ձեր դպրոցը, լինելով հայեցի կրթության և դաստիարակության լավագույն օջախ, կշարունակի օտար ափերում մեր սերունդներին հայ պահելու իր առաքելությունը:
Խոսքս ուղղում եմ դպրոցի աշակերտությունը. հաճախելով հայկական դպրոց՝ դուք պետք է խորապես ըմբռնեք, որ առանց մայրենի լեզվի, սեփական ազգի պատմության և մշակույթի, ազգային ավանդույթների իմացության՝ անհնար է լիարժեք հայ լինել: Ձեզ Մայրենին սովորեցնող, ձեզ հայի շունչ ու ոգի հաղորդող դպրոցը մի փոքրիկ Հայրենիք է: Ցանկանում եմ, որ դուք ուր էլ որ լինեք, ինչ էլ որ դառնաք, հիշեք, որ ձեզ սպասում են Հայաստանում, որի շենացմանը պետք է մասնակցեք նաև դուք, ապագա երիտասարդներդ` ձեր մտքի ուժով, գիտելիքներով, միաժամանակ լինեք ձեր բնակության երկրի օրինապաշտ քաղաքացիները:
Հայ – ուկրաինական բարեկամությունն ունի դարավոր ավանդույթներ, մեր հայրենակիցները, ապրելով այս հողում, մշտապես զգացել են ուկրաինացի ժողովրդի բարյացակամ վերաբերմունքը: Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների զարգացմանը, նրանց մշակույթի, պատմության ու հավատքի պահպանման խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերը մեծապես նպաստում են մեր հայրենակիցների ապրելուն, արարելուն և ազգային ինքությունը պահպանելուն: Աստծո և մեր օրհնությունը ձեզ, մեր սիրելի հայրենակիցներ, ձեզ՝ խաղաղ երկինք, ոգու ամրություն, հույս ու հավատ վաղվա օրվա հանդեպ: Մենք նմանապես աղոթում ենք Ուկրաինայում խաղաղության հաստատման մեր հայրենակիցների խաղաղ ու անվտանգ կյանքի ու գործունեության համար:
Հուսով եմ` Օդեսայի կիրակնօրյա դպրոցն այսօր ունի բոլոր հնարավորությունները՝ պահելու և պահպանելու մեր ոսկեղենիկ մայրենին, մեր պատմությունն ու ավանդույթները: Սիրելի՛ ուսուցիչներ և դպրոցականներ, մեր հայրենակիցներ, կրկնակի պարտավորեցնող և պատվաբեր է մեր մեծ ուսուցչի` Մեսրոպ Մաշտոցի անվանակիր դպրոց ունենալը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս` բարերարներին, ուսուցիչներին, աշակերտներին Օդեսայի հայկական մեկօրյա դպրոցի 10-ամյա հոբելյանի առթիվ:
Օգտվելով առիթից սրտանց շնորհավորում եմ մեր հայ ուսուցչուհիներին, երեխաներին, մեր բոլոր հայրենակիցներին՝ Մայրենիի օրվա առթիվ:
Ծնունդդ շնորհավոր, հայ դպրոց:
Հանդիսության բոլոր մասնակիցներին, իմ բոլոր հայրենակիցներին մաղթում եմ հաջողություններ և նորանոր նվաճումներ:
Սիրով և ջերմությամբ`
Ձեր ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ