Ցեղասպանության 100-րդ տարելիցի ստամբուլյան միջոցառումներին մասնակցության դրամաշնորհներ են հայտարարված
«Armenian Project 2015» նախագիծը 750 ԱՄՆ դոլարի չափով սահմանափակ թվով դրամաշնորհներ է տրամադրելու այն ուսանողներին, ովքեր ցանկանում են մասնակցել 2015թ.-ի ապրիլին Ստամբուլում կայանալիք, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, armeniangenocide100.org-ի փոխանցմամբ՝ հայտնում է նախագծի կայքը:
«Ստամբուլում կայանալիք միջոցառումներին մասնակցելու համար ակադեմիական վարկ ստանալ ցանկացող ուսանողներն այժմ հնարավորություն կունենան իրականացնելու իրենց ցանկությունները մեր տրամադրած դրամաշնորհների միջոցով,- ասել է «Project 2015»-ի խորհրդի անդամ և Դևիս քաղաքի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Հեղնար Ուոթենպաուն: – Ցեղասպանություն և մարդու իրավունքներ ուսումնասիրող ուսանողներն իրենց համայնքների ապագա ղեկավարներն են: Դա է պատճառը, որ մենք ցանկանում ենք հեշտացնել նրանց մասնակցությունը Ստամբուլում կայանալիք միջոցառումներին»:
«Project 2015»-ի խորհրդի մեկ այլ անդամ և Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Սեպուհ Դավիթ Ասլանյանն ասել է. – «Ուսանողնորի՝ Ստամբուլում կայանալիք միջոցառումների մասնակցությունը պետք է լինի նրանց ուսումնառության ամենակարևոր պահը: Այս դրամաշնորհները հասանելի դարձնելով՝ մենք հույս ունենք դեպի Թուրքիա ուղևորությունը մատչելի դարձնել միջոցառումներին մասնակցել ցանկացող ուսանողների համար»:
ԱՄՆ-ում հիմնված կազմակերպության նպատակն է առավելագույնի հասցնել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ստամբուլյան միջոցառումներին մասնակցող հայերի թիվը: