Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի աշխատանքային այցը Վոլոգդայի նահանգ

Փետրվարի 16-ին Վոլոգդայի նահանգում աշխատանքային այցով գտնվող Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հանդիպում ունեցավ Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուշիննիկովի հետ: Հանդիպմանը մասնակցեց նաև Վոլոգդայի մարզի ֆեդերալ միգրացիայի ծառայության պետ Սերգեյ Ժեստյաննիկովը:
Քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Վոլոգդայի նահանգի և ՀՀ մարզերի միջև առևտրատնտեսական, գյուղատնտեսական, մշակութային և կրթության բնագավառներում փոխգործակցության խորացման հնարավորությունները:

Զրույցի ընթացքում Վոլոգդայի նահանգապետն ընդգծեց նահանգի հայ համայնքի կարևոր դերակատարությունը Վոլոգդայի հասարակական և մշակութային կյանքում, որի խորհրդանիշն է մարզկենտրոնում հանդիսավորությամբ բացված հայ-ռուսական դարավոր բարեկամությանը նվիրված խաչքարը:

Այցի շրջանակներում Հրայր Կարապետյանը հանդիպումներ ունեցավ նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին Վոլոգդայի և Չերեպովեցի հայ համայնքների կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վերաբերյալ հարցերը: Չերեպովեցի հայերի միության նախագահ Հարլեմ Զարգարյանը գլխավոր հյուպատոսին ծանոթացրեց Չերեպովեցում հայկական եկեղեցու և համայնքային մշակութային կենտրոնի կառուցման նախագծի հետ:

Scroll Up