«Պապն ու շաղգամը»․ «Հայորդյաց տան» սաները փայլեցին դերասանական խաղով

Փետրվարի 15-ին Մոսկվայի «Հայորդյաց տան» կրտսեր սաների համար տոն էր․ նրանք հերթական անգամ ականատես եղան կրթօջախի բեմում կենդանացած հեքիաթին՝ «Պապն ու շաղգամին»։

Բեմականացումում ընդգրկված էին նախապատրաստական դասարանի՝ 5-7 տարեկան սաները։ Նրանց դասղեկ և բեմականացման հեղինակ Ալվինա Հովհաննիսյանը բոլորիս քաջ հայտնի հեքիաթը համեմել էր յուրօրինակ դրվագներով և հումորով, իսկ փոքրիկ դերասանների աննկարագրելի գեղեցիկ խաղը անտարբեր չթողեց անգամ մեծահասակներին։

«Այս հեքիաթում շեշտը դրել եմ ընտանիքի, դրա անդամների փոխհարաբերությունների, միմյանց հանդեպ նվիրվածության և սիրո վրա»,- նշեց Ալվինա Հովհաննիսյանը։

«Պապն ու շաղգամը» ներկայացման հեղինակ-պատմողները դասարանի այն սաներն էին, ովքեր չէին ներկայացնում հեքիաթի հերոսներին։ Նրանք միաժամանակ մանկական երգերի կատարողներն էին, իսկ երաժշտական համարների պատրաստման հարցում ինչպես միշտ աջակցել էր «Ովսաննա» և «Նորահրաշ» երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Լենա Բեգլարյանը։

Հատկանշականէ հատկապես Փիսոյի և Շան գանգանը։

«Էհ, Փիսո ջան, պապս մի հսկա գամփռ էր, որը հարյուր ոչխար հանդը տանում և անվտանգ հետ էր բերում, իսկ ես այսօր մի շաղգամ անգամ հանել չեմ կարող»,- գանգատվում էր Շունը։

«Գնա Փիսո ջան, գետինը մտիր, որ հույսդ պիտի դնես մկան օգնության վրա»,- վրա էր բերում Փիսոն՝ հիշելով մկների հետևից վազվզելու օրերը։ Բայց հենց մկնիկի օգնությունից հետո է հաջողվում հանել շաղգամը և դերասանական խաղով ողջ ընթացքում փայլած Պապի գերակատար Ալեն Պողոսյանը գովելի և ուսուցողական է համարում ընտանիքի միասնությունը, քանի որ հենց միասնական ընտանիք ունենալու դեպքում է հնարավոր հասնել ցանկալի արդյունքի։

Ներկայացման վերջում՝  շաղգամը հողից հանելու առթիվ Պապը հրավիրում է ուրախության սեղանի, որպեսզի միասին նշեն իրենց հաղթանակը և ասում․ «Մեկ րոպե, սպասեք, սպասեք։ Իմ պապը առանց աղոթքի սեղան չէր նստում։ Նախ պետք է աղոթենք, ապա ճաշակենք այս համեղ շաղգամը»։

Դերակատարներ՝ Սախալյան Էլեանորան, Նազարյան Սուսաննան,

Բադասյան Դավիթը, Ալեքսանյան Անահիտը, Ղազարյան Շուշաննան, Տերտերյան Արթուրը կարողացան փայլուն կատարել իրենց հանձնարարված դերերը և գեղեցիկ միջոցառում նվիրել ներկաներին։

Ներկայացման ավարտին կրթօջախի ուսումնական գծով պատասխանատու Սվետլանա Միքայելյանը ներկաների անունից երախտագիտություն հայտնեց Ալվինա Հովհաննիսյանին, Լենա Բեգլարյանին՝ նշելով․ «Հերթական անգամ մենք համոզվեցինք, որ երեխաները մեր կյանքի ծաղիկներն են, որոնք բույր ու գեղեցկություն են հաղորդում մեր առօրյային։ Շնորհակալ ենք այս փոքրիկ հեքիաթն այսպես յուրօրինակ ներկայացնելու և բորոլիս օրը հեքիաթով,  խրատներով ու հումորով լցնելու համար»։

Արմինե Կարեյան, Մոսկվա

02 03 04

Scroll Up