Հայկական Zangi­-ն «ձեռնոց է նետում» Skype-­ին ու Viber-­ին

Տեսազանգեր, աուդիո զանգեր ու մի շարք այլ ծառայություններ առաջարկող հայկական արտադրության Zangi հավելվածը կարող է փոխարինել մեծաթիվ հայերի կողմից օգտագործվող Skype­-ին և Viber-­ին:

«Արմենպրես»­ ի հետ զրույցում Zangi-­ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը նշեց, որ իրենք, առանց համեստության, աշխարհի տեխնոլոգիական առաջատարներից են հեռահաղորդակցության ոլորտում և մի շարք չափանիշներով գերազանցում են վերոնշյալ ծրագրերին: Վահրամ Մարտիրոսյանի տեղեկացմամբ` նմանատիպ հավելված ստեղծելու գաղափարն առաջացել է մոտ 5 տարի առաջ, երբ տեղի ունեցավ սմարտֆոների հեղափոխությունը, իսկ թվային կապը տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներում թրենդային ուղղություն էր դառնում: Zangi­ի թիմն այդ ժամանակ սահմանափակ ռեսուրսներ ունենալու պատճառով մեծ քայլեր չարեց` իր գործունեության շեշտադրումը հիմնականում դնելով դրսի պատվերների իրականացման վրա: Միաժամանակ, մշակվեցին Zangi համակարգի համար անհրաժեշտ գործիքները, ու այժմ այն թվային կապի օպերատոր է, որի սերվերները դրված են աշխարհով մեկ: «Փորձեցինք քայլ առ քայլ զարգանալ, ճիշտ է այդ գործընթացը մեզ մոտ երկար տևեց, եթե ավելի շատ ռեսուրս ունենայինք, ավելի շուտ հաջողության կհասնեինք: Այժմյան համաշխարհային լիդեր դարձած Whats up-­ը, Viber-­ը, Tango-­ն կամ Line-­ը, սկսել են մեզ հետ միաժամանակ, գաղափարն էլ իրենց մոտ այդ ժամանակ առաջացավ` մի քանի ամիսների տարբերությամբ` հնարավոր է մի քիչ ուշ կամ շուտ: Իրենք ավելի շատ ռեսուրս ունեին, արագ աճեցին, բայց մենք էլ հետ չմնացինք, հետ մնացինք բիզնեսի առումով, բայց տեխնոլոգիական առումով բավականին լուրջ լուծումներ ունենք»,­ասաց նա: Վահրամ Մարտիրոսյանի խոսքով` իրենց հիմնական նորարարությունները կապված են ինտերնետ տրանսպորտի հետ:

«Մենք լավացրել ենք ինտերնետ­տրանսպորտի տեսակը, Zangi­ն նույն ինտերնետ ալիքով կարողանում է տեղափոխել մոտ 20 տոկոս ավելի շատ տվյալներ: Եթե այս տեխնոլոգիայով ինչ­որ ֆայլ բեռնեք կամ ներբեռնեք, ավելի արագ կլինի: Տեսազանգերի ժամանակ հենց այդ տեխնոլոգիան է օգտագործվում: Ինտերնետում տվյալների փոխանցման ժամանակ կան կորուստներ` 10­20 տոկոսի չափով, և մեր մյուս նորարարությունը կորուստների վերականգնումն է: Տրանսպորտի տեսակների մեջ է հաջորդ նորարարությունը, կարող են ավելի լավ պայմաններով տեղափոխել ինտերնետ­տվյալները»,­նշեց Վահրամ Մարտիրոսյանը` հավելելով, որ Zangi հավելվածը միայն այսբերգի երևացող գագաթն է: Ծրագրի հիմնադրի խոսքով` իրենց տեխնոլոգիայի ներուժի մի մասն է դեռ ռեալիզացվել ու իրենք ներկայում աշխատում են ծառայությունների որակի կատարելագործման վրա:

«Մենք առաջինն ենք աշխարհում, որ հեռախոսների կամ պլանշետների վրա ունենք 720p վիդեոստանդարտ: Դա հեռուսատեսային ստանդարտ է, շուտով Ipad­ի վրա կլինի 720p­ն App store­ում, այսինքն` ուղիղ հեռարձակմամբ տեսանյութերը հնարավոր կլինի նայել այնպես, ինչպես արդեն տեսագրված տեսահոլովակը: 2015­ի կեսերին կունենանք full HD 1080p, այսինքն` տանում ենք նրան, որ ուղիղ տեսանյութը ստատիկ տեսանյութից չտարբերվի»,­ասաց Zangi­ի հիմնադիրը:

Բացի այդ` Zangi­ում շուտով կմտնեն այլ ծառայություններ ևս` հաղորդակցությունների կառավարում, որը հնարավորություն կտա ձայնագրել, տեսագրել հավելվածի միջոցով, իսկ ամբողջ ձայնագրությունները կպահվեն Zangi­ ի ամպային պահոցներում, հնարավորություն կլինի վերնագրել ձայնագրությունը, իսկ փնտրման կոճակի միջոցով անհրաժեշտ ձայնագրությունը հնարավոր կլինի հեշտորեն գտնել: Ինչ վերաբերում է անվտանգության բաղադրիչին, ապա Zangi­ի դեպքում բազմաշերտ անվտանգության համակարգ է կիրառվում: «Սկսած սովորական կոդավորման համակարգերից մինչև դինամիկ բանալիների համակարգ, որ ամեն ժամանակ մի բանալի է օգտագործվում, հետո փոխվում է և, եթե այդ բանալին գտնեն, հաջորդը չեն կարող: Շատ դժվար կլինի Zangi­-ի համակարգը կոտրել ու լսել: Skype-­ի համեմատ` մի շերտ ավելի անվտանգ է մերը»,­փաստեց Վահրամ Մարտիրոսյանը: Zangi-­ին տալիս է հնարավորություն ինտերնետի բացակայության պայմաններում կապ հաստատել համակարգի օպերատորի հետ ու նրա միջոցով միանալ նրան, ում ցանկանում ես:

Վահրամ Մարտիրոսյանի տեղեկացմամբ` դա կփոխարինի զբոսաշրջային քարտերին: Zangi­-ն հասանելի է Անդրոիդ ու iOS հարթակների, ինչպես նաև Վինդոուս ֆոնի ու մինչ տարեվերջ բոլոր հարթակների համար: Zangi- հավելվածն արդեն 50 հազար ակտիվ օգտատեր ունի, այն բարձր ռեյտինգ է գրանցել Անդրոիդ մարկետում: Հավելվածը լայն տարածում ունի Քուվեյթում, Բահրեյնում, Սլովակիայում, Ղազախստանում, մարտի սկզբներին մարքետինգ կարվի Ռուսաստանում, իսկ մարտի կեսերին` Հայաստանում: «Հայկական շուկան մի առաձնահատություն ունի մեզ համար. այն հաղորդակցություն է, և քանի որ մենք մեծ սփյուռք ունենք, եթե Հայաստանից մեկ օգտվող ունենանք, արտասահմանից կունենանք 2 օգտատեր»,­ասաց Վահրամ Մարտիրոսյանը` հույս հայտնելով, որ մինչև 100 հազար օգտատեր կարող են ունենալ Հայաստանից, իսկ ընդհանուր առմամբ` ակնկալում են միլիոնավոր օգտատերեր առաջիկայում:

Անի Նազարյան

Scroll Up