Բժշկական անվճար զննում հայաստանաբնակ սիրիահայերի համար
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարարական կազմակերպության նախաձեռնությամբ մեկ տարի շարունակ, շաբաթը մեկ անգամ հայաստանաբնակ սիրիահայերի համար իրականացվում է բժշկական անվճար զննում:
«Հայերն այսօրի» տեղեկություններով, յուրաքանչյուր շաբաթ, առավոտյան 11:00-ից մինչև 13:00-ն սիրիահայ բժիշկներ` Ժան Բեշիլյանը (մանկաբույժ), Կարո Հաջնլյանը (ակնաբույժ), Մակի Քեշիշյան-Հաջնլյանը (ակնաբույժ), Հակոբ Թաներյանը (թերապևտ), Սուքիաս Բերբերյանը (մաշկաբան) և երկու բուժքույր` Լիլիթ Մարտիրոսյանը և Լիլա Համամջյանը, կամավոր զննում են կենտրոն հաճախող հիվանդներին` նշանակելով համապատասխան բուժումներ:
Նախապես ծրագրին աջակցում էին նաև սրտաբաններ` Մերուժ Քեշիշյանը և Գրիգոր Տարագջյանը, որոնք այժմ գտնվում են Հայաստանից դուրս, սակայն շուտով (մեկ ամիս հետո) նրանք կժամանեն Հայաստան և դարձյալ կանցնեն նույն գործին:
Առ այսօր ծրագրի շրջանակներում բժշկական զննում է անցել 997 սիրիահայ: Ծրագիրը ո´չ միայն շարունակվելու է, այլև մնայուն է դառնալու. «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Լենա Հալաջյանը «Հայերն այսօրին» հայտնեց, որ կազմակերպությունը դիմել է ՀԲԸՄ-ին` նույն նպատակով մնայուն բուժկետ հիմնելու առաջարկով. «Ցեղասպանությունից հետո Հալեպում հիմնվեց հայերին բժշկական օգնություն ցուցաբերող բուժկետ: Այսօր նպատակահարմար է, որ նման բուժկետ կառուցվի նաև Հայաստանում»,-ասաց տիկին Հալաջյանը: