Ֆրեզնոյի համալսարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսությունների շարք է մեկնարկել
Ֆրեզնոյի համալսարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Հայոց Ցեղասպանությունը կինոյում. տեսական և համեմատական հեռանկարներ» խորագրով դասախոսությունների շարք է սկսվել, գրում է armeniangenocide100.org-ը:
Ինչպես հաղորդում է Interpress-ը՝ The Collegian-ին հղումով, առաջին դասախոսությունը, որը ներկայացրել է հայագետ, Ֆրեզնոյի պետական համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Միրնա Դուզջյանը, տեղի է ունեցել փետրվարի 11-ին: Դասախոսությունը կրում էր «Ցեղասպանությունը որպես այլաբանություն Սերժ Ավեդիքյանի «Chienne d’Histoire» ֆիլմում» վերնագիրը: Վերջինը կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ է, որում չի հիշատակվում Հայոց ցեղասպանության մասին: Փոխարենը, ֆիլմում պատկերված է Կոնստանդնուպոլսում թափառող շների վերացումը 1910 թվականին: Ֆիլմը հաղթող է ճանաչվել կարճամետրաժ ֆիլմերի շարքում 2010 թվականի Կաննի կինոփառատոնում: Ավեդիքյանը մտադիր չէր ներկայացնել Հայոց ցեղասպանությունը իր ֆիլմում: Այն մատնանշվել է ֆիլմի ցուցադրումից հետո, պատմում է Դուզջյանը: «Մարդիկ, որոնք գիտեն Հայոց ցեղասպանության մասին և ուսումնասիրել են այն, կարող էին հստակ տեսնել նմանություն, և դա պարզապես ստիպում է ձեզ ավելի զգացմունքային լինել», – ասում է Մարինե Վարդանյանը՝ Հայ ուսանողական կազմակերպության նախագահը: Ֆիլմը ներկայացնում է ավելի վաղ պատմական իրադարձություններ: Պոլսում 1910 թվականին փողոցները լցված էին թափառող շներով: Նորակազմ կառավարությունը որոշում է արտաքսել շներին քաղաքից հեռու մի ամայի կղզի, որտեղ նրանք սովամահ կլինեին: «Ֆիլմը իսկապես սարսափեցնում է: Ես գիտեմ, որ նրանք մարդիկ չեն: Դրանք շներ են, բայց դուք կարող եք իսկապես զուգահեռներ տեսնել: Այն վայրը, որտեղ նրանք արտաքսում են թափառող շներին, ամայի կղզի է, ինչպես որ Հայոց ցեղասպանության ժամանակ նրանք արտաքսել են մարդկանց դեպի անապատ», – ասում է Վարդանյանը:
Ինչպես նշում է The Collegian-ը, Ֆրեզնոյի պետական համալսարանի ուսանող Ջոսին Օսորնոն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը դիտելու է եկել հենց դասախոսության վերնագրի շնորհիվ: «Անկեղծ ասած, ես շատ բան չգիտեմ ցեղասպանության մասին: Եթե ես ավելի վաղ նայեի ֆիլմը, ես կարող էի այն կապել միայն հրեական Հոլոքոստի հետ»,- ասում է Օսորնոն: «Ես կարծում եմ, որ ֆիլմը խորհրդանշական է, և հնարավոր է մեկնաբանել կախվա՝ծ ձեր գիտելիքներից: Այն հստակ մեսիջ է ուղարկում»: Դուզջյանը ասում է, որ այս տեսակի միջոցառումները կարևոր են համայնքի համար, քանի որ այն բացահայտում է նրանց համար քիչ հայտնի ֆիլմային գործերը ցեղասպանության վերաբերյալ: «Որպես հայի՝ այս տեսակի միջոցառումները հուզիչ են ինձ համար, և դա այն է, ինչով ես ցանկանում եմ զբաղվել: Ուսանողների համար, ընդհանուր առմամբ, դա լավ առիթ է՝ մտովի զարգանալու, այլ մշակույթի և այլ տեսանկյունից պատմական իրադարձության մասին սովորելու», – ասում է Վարդանյանը: Նա քաջալերում է ուսանողներին հաճախել դասախոսություններին՝ նշելով, որ դա լավ մշակութային կրթական փորձություն է, հատկապես այն պատճառով, որ մոտենում է Ցեղասպանության 100-ամյակը: «Մասնակիցների քանակը ֆանտաստիկ էր: Լավ կլինի տեսնել նաև ավելի շատ ուսանողներ, որոնց ճանաչում ենք, ուսանողներ, որոնք հետաքրքրվում են ֆիլմով: Ես կարծում եմ, որ նրանք կարող են շատ բան ստանալ սրանից: Անհրաժեշտ չէ հետաքրքրվել Հայոց ցեղասպանության խնդրով: Սա ավելի շատ նրա մասին է, թե ինչպես ենք մենք տեսնում և մեկնաբանում ֆիլմը, այլ ոչ թե ցեղասպանության պատմությունը»,– ասել է Դուզջյանը: