Նոր գիրք՝ Ադանայում հայերի կոտորածի վկայություններով

Թուրքիայում հրատարակվել է «1909 թ. Ադանայի կոտորածը. երեք զեկույց» գիրքը, որը պատմում է 1909 թվականին Ադանայում սկսված, հետո Զեյթունում և Քիլիսում շարունակված՝ ավելի քան 20 հազարից հայերի կոտորածի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական T24 կայքը, գիրքն օսմաներեից թարգմանել, խմբագրել և «Արաս» հրատարակչությունում հրատարակել է Արի Շեքերյանը: Գիրքն օսմաներենով հրատարկվել էր ականատեսների պատմած իրական պատմություննների հիման վրա: Թուրք ընթերցողները ներկայում հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական այդ ջարդերը վերապրածների հուշերին: Ադանայի ջարդերի՝ Օսմանյան կայսրությունում և աշխարհում քննարկման առարկա դառնալուց անմիջապես հետո Կարապետ Չալյանը, Արթին Ասլանյանը և Հակոբ Պապիկյանը երեք կարևոր զեկույց են պատրաստել, որոնք 106 տարի անց առաջին անգամ ներկայացվում են թուրքերենով:

Հեղինակների ողբերգական կենսագրությունները դրանք ավելի հետաքրքիր են դարձնում: Գրքում 40-ից ավելի լուսանկարներ կան, որոնք արվել են այդ շրջանում: Գրքի թուրքական տարբերակի նախաբանը գրել է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը: Ուշագրավ հանգամանք է այն, որ հայկական ջարդերից հետո օսմանյան մեջլիսից Ադանա գործուղված հետազոտական խմբի միակ ներկայացուցիչ Հակոբ Պապիկյանը զեկույցը ներկայացնելուց մեկ օր անց մահացել է կասկածելի հանգամանքներում: Ադանայում երիտթուրքական «Իթթիհաթ վե Թերաքքի» կուսակցության հիմնադիրներից Կարապետ Չալյանը սպանվել է 1920 թվականին: Իսկ Արթին Ասլանյանը մերժել է վկայություն տալ ջարդերի մասին և փախել Եգիպտոս, որտեղ էլ գրել է զեկույցը:

Scroll Up