Թբիլիսիում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի 5-րդ նիստը

2015 թվականի փետրվարի 12-ին, Թբիլիսիում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային Վրաստանի հանձնախմբի 5-րդ նիստը՝ ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում են Վիրահայոց թեմից:

Բացի հանձնախմբի անդամներից, նիստի աշխատանքին հրավիրված էին նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային վարչությունների և Սակրեբուլոների նախագահները:

Նիստի աշխատանքն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը:

Հանձնախմբի անդամները դիտեցին կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացված «Հարյուր գիրք» խորագրով ցուցահանդեսը, որով Վիրահայոց թեմում մեկնարկեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների շարքը:

Ընդլայնված նիստը աղոթքով բացեց հանձնախմբի նախագահ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հայրը ներկայացրեց նիստի օրակարգը, որից հետո քննարկվեցին հանձնախմբի ծրագրերը և միջոցառումները: Ջավախքում նախատեսված ծրագրերի մասին խոսեցին շրջանային մարմինների առաջին դեմքերը: Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորները ներկայացրեցին Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ իրենց ծրագրած աշխատանքները: Միջոցառումներ են կազմակերպելու նաև Վիրահայոց Թեմը, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնը, «Վրաստան» թերթը, հասարակական կազմակերպությունները:’

Ընդլայնված նիստում քննարկվեց նաև ՀՀ քաղաքացիություն ունենալու պատճառով Վրաստանի քաղաքացիությունից հայության որոշակի զանգվածին զրկելու հարցը: Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորները խոսեցին այդ ուղղությամբ իրենց կատարած աշխատանքների, Վրաստանի Արդարադատության նախարար տիկին Թեա Ծուլուկիանիի հետ ունեցած հանդիպման մասին, որը հուսադրող է և խոստումնալից:

Քննարկվեց նաև հանձնախմբի կազմի փոփոխության հարցը: Ընդլայնված նիստի աշխատանքը ամփոփեց դեսպան Յուրի Վարդանյանը: Որոշվեց հաջորդ նիստը հրավիրել մարտի 2-ին:

Scroll Up