Դարձ ակունքներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/02/Արարատ.jpg)
Այստեղից է սկսվել նրա «Փնտրտուքների ճանապարհը»: Ցրտաշունչ ձմեռներով և զով ամառներով հարուստ այս քաղաքից, որին, ի սկզբանե, վիճակված էր կրել «Կրակների երկիր»՝ Հուրաստան անունը:
Հնագույն Վարաժնունիք գավառի Հուրաստան (Հրազդան) քաղաքում է ծնվել Արարատ Ղուկասյանը՝ ընտանիքի ամենակրտսեր անդամը, ով, ինչպես և բոլոր խորհրդային ժամանակաշրջանի մանուկները, մեծ սպասումով ու հույզերով դպրոց հաճախեց, ուսում առավ, ստիպված եղավ ականատես լինել ուսանողական դժվարին տարիներին, այնուհետև…
Այնուհետև Արարատը զինվորական ծառայության անցավ արդեն հետխորհրդային նորաստեղծ հայկական բանակում, որն ավարտելուց հետո փնտրտուքների ճանապարհը նրան դարձյալ հետ բերեց իր հարազատ միջավայրը՝ դպրոց, այս անգամ արդեն ուսուցանելու նպատակով: Երիտասարդ ուսուցիչը, լավ և արդար ապագայի հույսը սրտում, ավելի քան երկու տարի աշխատեց դպրոցում, մինչև այն պահը, երբ որոշեց ընդլայնել որոնումների աշխարհագրությունը՝ հասնելով հեռավոր Իսպանիա: Այստեղ էլ չդադարեց նրա մտավոր գործունեությունը. հիմնեց Իսպանիայում առաջին հայկական դպրոցը, առաջին և ցայսօր միակ հայատառ թերթը և տպագրեց իր առաջնեկ գիրքը՝ «Փնտրտուքների ճանապարհին» բանաստեղծությունների ժողովածուն: Գիրք, որի առջև իր հյուրընկալ դռներն էր բացել նույն իր հարազատ օջախը՝ Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 Ավագ դպրոցը, որտեղից սկսվել էր նույն փնտրտուքների ճանապարհը, որտեղ ծնվել էր նրա առաջին ստեղծագործությունը՝ «Երազ» բանաստեղծությունը:
Առաջին հայացքից ամեն ինչ նույնն էր թվում՝ նույն շեմը, նույն ուսուցիչները, նույն աշխատողները, անգամ՝ նույն աշակերտները, թեև արդեն 8 տարի էր անցել այն օրից, երբ Արարատը կրկին դարձավ իր ակունքներին: Սակայն հաճելի և դրական փոփոխություններն աչքի զարնեցին քիչ անց, երբ տնօրեն Հասմիկ Հարությունյանը սկսեց ծանոթացնել դպրոցի նորություններին՝ նոր կահավորված դասարաններ, վերանորոգված դահլիճ, միջոցառումներով, հայրենասիրական ոգով ձևավորված պատեր և այլն: Մինչ մենք ծանոթանում էինք կրթօջախի տրամադրություն ներշնչող փոփոխություններին, Արարատի ավագ եղբայրը՝ Ստեփանը, ով ուղեկցում էր մեզ և պիտի ապահովեր կայանալիք շնորհանդեսի երաժշտական մասը, դահլիճում նկատելով կարծես միայնակ մնացած ու մի քիչ էլ լքված դաշնամուրը՝ մոտեցավ և սկսեց մելանխորիկ երաժշտությամբ անցնող-դարձողներին հրավիրել դահլիճ:
Շնորհանդեսի բացման խոսքը վերապահված էր կրթօջախի տնօրեն Հասմիկ Հարությունյանին, ով հակիրճ ներկայացրեց Արարատ Ղուկասյանի կյանքն ու գործունեությունը, հիշեց դպրոցական համատեղ աշխատանքը՝ բարձր գնահատելով նրա անցյալ ու ներկայիս ծավալած աշխատանքը: «Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու, օտար հողում, մեր համաքաղաքացին չի դադարել իր հայրենանվեր գործը՝ նպաստելով հայ ինքնության պահպանմանն արտերկրում»,- նշեց իր խոսքում տնօրենը:
Ղուկասյանի ստեղծագործություններից մեկն ասմունքելուց հետո, Հասմիկ Հարությունյանը խոսքը փոխանցեց աշակերտներին, ովքեր մեծ ոգևորությամբ ու բարձր վարպետությամբ արտասանեցին ժողովածուի բանաստեղծությունները: Հաճելի մթնոլորտը համեմվեց հեղինակի մանկության և բանակային ընկերների զավակների՝ Հարությունի, Աննայի և Սոֆիի հիանալի երաժշտական ու ասմունքային կատարումներով:
Այնուհետև խոսք առան Արարատ Ղուկասյանի գործընկերները, ովքեր անթաքույց սիրով ու հիացմունքով անհամար հուշեր պատմեցին անցյալի համատեղ աշխատանքից՝ ավելացնելով, որ մեծ հպարտությամբ հետևում են նրա գործունեությանն արտերկրում:
Վերջում խոսք առավ հեղինակը, ով հիացած նման աննախադեպ ընդունելությունից, իր խորին շնորհակալությունը հայտնեց բոլորից և, հատկապես, հաստատությունից, որը «հաճելիորեն զարգանում է»: «Դուք մշտապես իմ մեջ եք,- գործընկերներին ուղղված խոսքում նշեց Ղուկասյանը,- և երբեք էլ նախկին չեք դառնա: Ես սիրում ու կարոտում եմ ձեզ»:
Ահա այսպես Արարատ Ղուկասյանի «Փնտրտուքների ճանապարհը» հետ բերեց նրան իր ակունքներին, այնտեղ, որտեղից սկսել էր նա իր որոնումները, որն իր դյուրահեզ սրտում մի օր վառել էր մի լույս՝ նշմարելով նրան նույն այդ ճանապարհի ընթացքը:
Նարինե Նավասարդյան
Վալենսիա (Իսպանիա)