«Նաիրիի» երկրորդ ծնունդը

Այն, որ Ղազախստանի Հանրապետության հայկական մշակութային կենտրոնների «Նաիրի» միության համանուն ամսագիրը հետաքրքիր էր ու ինքնատիպ, շատերն էին ասում։ Գովում էին նրա ուշագրավ և բազմաբովանդակ խորագրերը, գեղարվեստական ձևավորումը, նյութերում հրատապ խնդիրների առկայությունն ու արդիականությունը։ Սակայն, ցավոք, 2006թ. սկսած, ամսագիրն այլևս չէր երևում ընթերցողների սեղաններին։ Բանն այն է, որ ֆինանսական և զուտ տպագրության հետ կապված տեխնիկական պատճառներով ամսագիրը փակվեց: Բայց երևի ճիշտ է ասված, որ եթե բարի կամք կա, բոլոր խոչընդոտները հաղթահարելի են, և 2014-ի վերջին՝ 8 տարվա ընդմիջումից հետո, Ալմաթիի հայերը որպես տարեմուտի նվեր՝ ստացան իրենց սիրելի ամսագրի նոր համարը։ Դե, իսկ հաջորդ համարը լույս տեսավ ըստ կարգի՝ ուղիղ մեկ ամիս հետո, ինչը նշանակում է, որ «Նաիրին» վերածնվել է։
Վերականգնվել և հարստացել են խորագրերը, ավելացել են Սփյուռքի նախարարության ծրագրերի մասին պատմող նյութեր, «Նաիրին» դարձել է համայնքային կյանքի հայելին և խոսափողը։
Մենք շնորհավորում ենք «Նաիրիի» խմբագրակազմին և Ալմաթիի հայկական համայնքին՝ թերթի վերածննդի կապակցությամբ և ամսագրին մաղթում կանաչ ճանապարհ:
Մաքսիմ Դալլաքյան
Մոսկվայի Միջազգային հարաբերությունների համալսարանի (МГ�?МО) մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, ՍՆ պրակտիկանտ