ՀՀ սփյուռքի նախարարը շնորհավորել է Զորի Բալայանին՝ ծննդյան 80-ամյակի առիթով

ԳՐՈՂ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՊԱՐՈՆ ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԻՆ

Մեծարգո՛ պարոն Բալայան,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեր ծննդյան 80-ամյա փառավոր հոբելյանը և մաղթում քաջառողջություն, ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ և ոգեշնչման անսպառ հնարավորություններ:

Որպես ազգային վառ կերպար, հասարակական-քաղաքական գործիչ՝ Դուք խոր ակնածանք եք ներշնչում ինչպես Հայրենիքի, այնպես էլ Սփյուռքի մեր հայրենակիցներին:

Ձեր գրական-գեղարվեստական ստեղծագործություններով, հրապարակախոսական ելույթներով ու հոդվածներով մշտապես հասարակության ուշադրության կիզակետում եք պահել հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող կարևորագույն հարցեր: Ձեր ձեռքը նրանց հիմնախնդիրների զարկերակին է:

Հիացմունքի է արժանի քաջ ու աներեր ծովագնացի Ձեր կերպարը, ով իր շուրջերկրյա ճանապարհորդություններով՝ հաղթահարելով բազում դժվարություններ, անցնելով աշխարհասփյուռ հայության հետքերով, հայկականություն, ուժ ու ոգևորություն պարգևեց մեր հայրենակիցներին՝ զորացնելով նրանցում ազգային ինքնության գիտակցությունը: Ձեր խիզախ ձեռնարկներով Դուք ևս մեկ անգամ հայության ձայնը լսելի դարձրիք աշխարհի ու ողջ մարդկության համար՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Հայաստանի, Արցախի ու Հայ Դատի արդարացի լուծման վրա:

Սիրելի՛ պարոն Բալայան, հպարտություն է լինել Ձեր ժամանակակիցը:

Շարունակե´ք Ձեր նվիրական գործունեությունը, շարունակե´ք մնալ մեր կողքին Ձեր վառ տեսակով՝ Ձեր մարդկային անզուգական ներկայությամբ հարստացնելով շրջապատը:

Թող մարդկային երջանկությամբ և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներով լեցուն անցնի Ձեր իմաստավոր կյանքի յուրաքանչյուր օրը:

Թող Աստծո Ամենազոր Աջը պահապան լինի Ձեզ և Ձեր գեղեցիկ ընտանիքի բոլոր անդամներին:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ`

 ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up