Հայ նահատակների շիրմաքարերի վերանորոգման առթիվ հոգեհանգիստ Թավրիզում

Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության 36-րդ տարելիցի նախօրյակին, հինգշաբթի, հունվարի 29-ի առավոտյան, Թավրիզի ազգային գերեզմանատանը, նախագահությամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ` Տ. Գրիգոր եպս. Չիֆթճյանի, կատարվեց երկու հայ նահատակների` Կայծակ Դավթյանի եւ Գառնիկ Տեր-փիլիպոսյանի հոգվոց համար հոգեհանգիստ, նրանց շիրմաքարերի վերանորոգման առիթով:
երկու նահատակների գերեզմանաքարերը, որոնք մնացած նահատակներից անկախ, նրանց ընտանեկան դամբարանների կողքին էին գտնվում, ձյան պատճառով շատ վատ դրության մեջ էին հայտնվել, անմիջական նորոգության կարիք ունենալով: Թեմական խորհրդի նախաձեռնությամբ զույգ շիրմաքարերի հիմնական վերանորոգումը կատարվեց մեկ շաբաթվա ընթացքում, նրանց պատկերների դաջումով գլխաքարի վրա եւ հայկական խաչի դրոշմումով նրա վրա:
Արարողությանը իրենց մասնակցությունը բերեցին Թավրիզի հոգեւոր հովիվ Տ. Առաքել քհնհ. Տմտմյանը, եւ Դպրաց դասի անդամներ: Սույն արարողությանը ներկա գտնվեցին ազգային իշխանության անդամներ, նահատակների հարազատներ եւ նրանց հիշատակը հարգող բարեկամներ եւ թավրիզահա համայնքի զավակներ:
Ի նկատի ունենալով, որ նորոգման ընթացքում զույգ գերեզմանաքարերը շարժվել էին իրենց տեղերից, հոգեհանգստյան արարողությունից հետո նաեւ վերակրկնվեց գերեզմանի կնքման արարողությունը, այն ամրացնելով «մինչեւ ի գալուստն Քրիստոսի», ինչպես գրվել է Ծիսարանում:
Այս առիթով իր արտասանած խոսքում առաջնորդ Սրբազան Հայրը վեր հանեց նահատակների հիշատակի հարգումի եւ ԻԻՀ-յան կողմից նահատակների հանդեպ ո՛չ մի խտրություն չդնելու օրինակելի մոտեցումը. «նահատակները ընդհանրապես եւ հատկապես ԻԻՀ-ում գույն չունեն: Նրանց ազգությունը, հավատը, կրոնը, մեկ բառով է արտահայտվում, եւ այն էլ Նահատակություն եզրում է ամփոփված»,- ասաց Սրբազան Հայրը: Ապա, նա բարձրորեն գնահատեց Թեմական խորհրդին, որը հղացել էր հայ նահատակների շիրմաքարերի վերանորոգության գաղափարը, եւ այն իրականացրել այնքան կարճ ժամանակամիջոցում. «Հարգի՛ր, որպեսզի հարգվես, ասում է հայկական առածը: Մեր նահատակները մեր հարգանքին կարիք չունեն, նրանք գնահատվել են Աստծուց, իրենց թափած անմեղ արյան համար: Սակայն նրանց ընծայված հարգանքը մե՛զ է վերադառնում, երբ իր երկրի նահատակների հանդեպ այնքան ուշադիր Իիհ-յան Նահատակների հիմնարկության պատասխանատուներ տեսնում են մեր ազգի բծախնդրությունը», շեշտեց Սրբազան Հայրը: Ապա, նա բարձր գնահատեց Վարդան Աբրահամյանին, Գագիկ Ջորջյանին, Համլետ Նազարբեգյանին, Վարդան Տեր-մարտիրոսյանին եւ Քրիստափոր Մկրտչյանին, որոնք մասնակից էին դարձել վերանորոգման աշխատանքներին: Ի վերջո, Սրբազան Հայրը սփոփիչ խոսք ուղղեց նաեւ նահատակների ընտանեկան պարագաներին, Ս. Հոգու անսպառ մխիթարություն հայցելով նրանց համար:
յայտնենք, որ Խնամակալ մարմնի կողմից գերեզմանաքարերը վերանորոգված զարդարվել էին ծաղկեկողովներով, իսկ արարողությունից հետո, գերեզմանատան սրահում բոլոր ներկաները հյուրասիրվեցին, որոնք եկել էին հարգանքի իրենց տուրքը ընծայելու, համայնքի անմոռանալի նահատակներին:
Ատրպատականի ազգային առաջնորդարան