Թուրքիան ամենաշատն է դիմում Twitter-ին՝ բովանդակություն հեռացնելու խնդրանքով

Twitter ընկերությունը հրապարակել է իր երկամյա թափանցիկության մասին զեկույցը՝ բացահայտելով, թե ինչ հաճախականությամբ են տարբեր երկրների կառավարություններ խնդրում իրենց օգտատերերի մասին տեղեկություններ տրամադրել կամ հեռացնել որոշակի բովանդակություն, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է The Independent-ը:

Ամսական 288 միլիոն օգտատեր ունեցող սոցիալական ցանցը հայտնել է անցած տարվա երկրորդ կեսին կայքից բովանդակություն հեռացնելու մասին կառավարությունների դիմումների 84-տոկոսանոց աճի մասին:

Ամենաշատը բովանդակություն հեռացնելու դիմումներ է ներկայացրել Թուրքիան՝ 477 անգամ, որոնցից Twitter-ը բավարարել է 50 տոկոսը:

Բովանդակություն հեռացնելու խնդրանքով ամենաշատը դիմած երկրների ցանկում երկրորդը Ռուսաստանն է՝ 91 անգամ (բավարարվել է 13 տոկոսը), իսկ երրորդը՝ Գերմանիան՝ 43 դիմում (բավարարվել է 37 տոկոսը):

Ընկերությունը հայտնել է, որ դիմումների մեծ մասը վերաբերել է բովանդակությանը, որը երկրների համապատասխան արդարադատությամբ անօրինական է համարվում:

Զեկույցում նաև նշվում է, որ 2014 թվականի հուլիսից դեկտեմբերն ընկած հատվածում օգտատերերի մասին տվյալներ տրամադրելու դիմումների մոտ 50 տոկոսը կատարել է ԱՄՆ-ի կառավարությունը, 80 տոկոսը բավարարվել է:

Թուրքիայից տվյալների մասին դիմումներն աճել են վեց ամիսների ընթացքում՝ հասնելով 496-ի: Այդկերպ օգտատերերի տվյալների մասին հարցումների ցանկում երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանին հաջորդել է Թուրքիան:

Scroll Up