Ալիեւին հունից հանել է հայ դիվանագետի հարցը Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համար Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովն ամենեւին էլ հարթ չի անցել: Ալիեւի ելույթից հետո նրան հարցեր են ուղղել նաեւ հայկական պատվիրակության անդամները: Այս մասին հայտնում է «Երկիրմեդիա»-ն:

Մասնավորապես, նրան հարցրել են, թե արդյո՞ք Բաքուն Մադրիդյան փաստաթղթի երեք հիմնարար սկզբունքներն ընդունում է որպես հիմք՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Սակայն Ալիեւը շրջանցել է հարցը: Նա պնդել է, թե նախկին խորհրդային տարածքի բոլոր հակամարտությունները պետք է կարգավորման միեւնույն բանաձեւն ունենան, ապա հավելել, որ Ռուսաստանը զավթել է Ղրիմը: Իսկ Հայաստանի արտգործնախարարության մամուլի վարչության պետ Տիգրան Մկրտչյանն Ալիեւին հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական կոչը, այն է՝ Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման՝ իր հանձնառություններին:

Այնուհետ հարցրել է, թե չի՞ կարծում, որ իրենց գործողություններով ավելի են սրում իրավիճակը եւ ուշացնում հակամարտության խաղաղ կարգավորումը: Ալիեւն էլ ավելի է բորբոքվել հայ դիվանագետի ելույթից, կրկնել է իր մեղադրանքը միջազգային հանրության, հայկական Սփյուռքի, Հայաստանի հասցեին՝ այդպես էլ չպատասխանելով հարցին:

Scroll Up