Պերմյակովին կդատի Գյումրիի ռազմակայանի կայազորային ռազմական դատարանը
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը կանցնի Հայաստանում` ռուսական ռազմակայանի տարածքում, հայտնել է Ինտերֆաքսը իրազեկ աղբյուրների վրա հղումով:
Ըստ գործակալության զրուցակիցներից մեկի, կողմերը համաձայնության են եկել այդ մասին Հայաստանում տեղակայված ռազմակայանի կարգավիճակի մասին երկկողմ համաձայնագրի հիման վրա:
Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ կողմերը նաև համաձայնեցնում են համատեղ մեղադրական եզրակացությունը` ռուսական օրենսդրության հիման վրա: «Քանի որ Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով քրեական գործը միաժամանակ հետաքննում են և ռուսական, և հայկական կողմերը, խնդիրը լուծվում է ռուսական քրեական օրենսդրության վրա հիմնված համաձայնեցված միասնական մեղադրական եզրակացության ընդունման միջոցով»,-ասել է նա:
Առաջադրվելու է նաև ռուս ռազմական քննիչների կողմից ներկայացված՝ զենքով դասալքության համար նախատեսված մեղադրանք:
«Այն ամենն, ինչ արդեն կուտակել են հայ քննիչները, գործի նյութերի հետ համադրելու նպատակով փոխանցվելու է ռուսական կողմին», – PanARMENIAN.Net – ի փոխանցմամբ՝ հայտնել է աղբյուրը: