Թուրք պատգամավորն ԱԳՆ-ի օրացույցում Ցեղասպանության հուշարձանի տեղակայման հարցը բարձրացրել է խորհրդարանում

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Օսման Քորություրքը երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին հարցապնդում է ներկայացրել Հայոց ցեղասպանության հուշարձանի լուսանկարն ԱԳՆ-ի օրացույցում տեղադրելու մասին և հարցը Թուրքիայի ազգային մեծ ժողովի օրակարգ բերել: Այս մասին գրում է Tert.am-ը:
Ինչպես տեղեկացնում է կուսակցության կայքը, պատգամավորը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հայկական սփյուռքը Թուրքիայի դեմ արշավ են սկսել և կենտրոնացել են Ապրիլի 24-ի վրա, գերատեսչության օրակարգում այդ լուսանկարի տեղակայումն արդյո՞ք այդ աշխատանքներին հակադարձելու քայլերի հետ որևէ կապ ունի:
Քորություրքն անդրադարձել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերին ու հարցրել. «Ապրիլի 24-ին պետությունների ու կառավարությունների ղեկավարներին ուղղված հրավերով նրանց Հայաստանի ու Թուրքիայի հրավերների միջև ընտրություն անելուն դրդելը մեր ազգային շահերին հակասում է, դա Արտաքին գործերի նախարարությունը չէ՞ր կանխատեսել և նախագահին այդ առումով չէ՞ր զգուշացրել»:
Պատգամավորը նաև հետաքրքրվել է, թե Ապրիլի 24-ին Հայաստանի ու Սփյուռքի արշավներին դիմագրավելու համար ԱԳՆ-ն ի՞նչ աշխատանքներ է իրականացնում: Արդյո՞ք օրացույցի նման այլ անակնկալներ հնարավոր են:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, Hurriyet-ի փոխանցմամբ, «սխալմամբ» հրապարակել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի լուսանկարը իր պաշտոնական օրացույցում, որը պատրաստվել էր Չանաքքալեի ճակատամարտի հարյուրամյակի նշանավորման առիթով: