Չեխիայի Վիսոչինայի մարզի հայ համայնքը հաստատել է նոր կանոնադրությունը եւ ընտրել երիտասարդաց թեւի նախագահ

2015 թվականի հունվարի 31 ին Չեխիայի Վիսոչինայի մարզի Յիհլավա քաղաքի մշակույթի տան նիստերի դահլիճում կայացավ Վիսոչինայի հայ համայնքի 2015 թ-ի առաջին ընդհանուր ժողովը:Այս մասին հաղորդում է «Օրեր»-ը:
Ինչպես տեղեկացնում է www.urartu-a.com կայքէջը,ժողովին մասնակցում էր համայնքի անդամների մեծ մասը: Քննարկվեց 2014 թ-ին կատարված գործառույթների հաշվետվությունն ու 2015 թվականին վերաբերող առաջնակարգ հարցերը:
Օրակարգի ամենագլխավոր խնդիրները նվիրված էին Հայոց Ցեղասպանության 100 -րդ տարելիցի միջոցառումներին, որոնց ակտիվ կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ էր ընտրել գործադիր խորհուրդ, որը կհամակարգի կատարվելիք միջոցառումների ցանկը, կապահովի նյութատեխնիկական պայմանները և վերստուգիչ հանձնաժողովը, որը կհաշվարկի և կհսկի միջոցառումների կատարման ընթացքը: Օրակարգի հարցերի վերաբերյալ եղան բուռն քննարկումներ և բազմաթիվ առաջարկություններ: Արդյունքում Վիսոչինայի մարզի հայ համայնքի երիտասարդաց թևի նախագահ ընտրվեց Հայկ Նիկոյանը, ընտրվեցին 9 անդամից բաղկացած գործադիր խորհուրդ, 3 անդամից բաղկացած վերստուգիչ հանձնաժողով և Վիսոչինայի մարզի Հայ Կանաց Միություն, որը կնախագահի համայնքի տարեց անդամ Գալյա Սարգսյանը: Հաստատվեց 2015 թ-ի միջոցառումների ցանկը: Տաթևիկ Սարգսյանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանության միջոցառման Վիսոչինայի մարզի հայ համայնքի ցուցապաստառի տարբերանշանը, որը կօգտագործվի բոլոր միջոցառումների ընթացքում: Նշանակվեց գործադիր խորհրդի, երիտասարդաց թևի և վերստուգիչ հանձնաժողովի առաջիկա նիստերի ժամանակացույցը: Ներկայացվեց հայ համայնքի կանոնադրությունը և առաջարկվեց մասնակի ուղղումներով հաստատել այն: Ժողովի ավարտին ՈՒՐԱՐՏՈՒ Հայ-Չեխական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը շնորհավորեց ներկաներից երկուսին ծննդյան օրվա կապակցությամբ և հաջողություն մաղթեց համայնքին հետագա աշխատանքներում: