Ճանաչե՞լ է Իսրայելի նախագահը Հայոց ցեղասպանությունը ՄԱԿ-ում

ունվարի 28-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը թվում է, թե ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, գրում է  Asbarez-ը:

Ինչպես հաղորդում է իսրայելական Haaretz-ը, Ռիվլինը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ Գլխավոր ասամբլեայում Հոլոքոստի հիշատակին նվիրված ելույթում պաղեստինցիների դեմ իրենց քաղաքականության վերաբերյալ մեղադրանքներից Իսրայելը պաշտպանելու ժամանակ:

«Աբսուրդ համեմատությունները, որ իսրայելցիների վերաբերյալ մշտապես անում են… ոչ միայն շփոթում են դաշնակցին թշնամու հետ, այլև թուլացնում են այս կառույցի ունակությունն արդյունավետ պայքարել «ցեղասպանություն» երևույթի դեմ»,- ասել է Ռիվլինը՝ Haaretz-ի համաձայն:

Մարդու իրավունքների իսրայելցի ակտիվիստ և Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից Յարոն Վեյսն Asbarez-ին է տրամադրել եբրայերենով ասված Ռիվլինի խոսքերի թարգմանությունը:

Ռիվլինը, մասնավորապես, մեջբերել է 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության օրերին, Նիլիից (հրեական լրտեսական ցանց Պաղեստինում) Ավշալոմ Ֆեինբերգի խոսքերը Ցեղասպանության վերաբերյալ և այնուհետ հավելել. «Ֆեինբերգը դա գրել է ուղիղ 100 տարի առաջ: Կասկածի և մերժման 100 տարի: Այն տարիների Իսրայելում, որտեղ ես ծնվել եմ, ոչ ոք չէր ժխտում կատարված սպանությունը: Երուսաղեմի բնակիչները, իմ ծնողները տեսել են նրանց հազարներով գալու ժամանակ՝ սոված, փայտեր այրելով: Երուսաղեմում նրանք ապաստան գտան և նրանց ժառանգները մինչ օրս ապրում են այնտեղ»:

Նա եզրափակել է իր խոսքերը հետևյալ հայտարարությամբ. «Այսօր մենք պետք է մեզ անկեղծ հարց տանք՝ արդյո՞ք մեր պայքարը, այս Ասամբլեայի պայքարը «ցեղասպանություն» երևույթի դեմ բավականաչափ արդյունավետ է: Արդյունավե՞տ էր այն Բոսնիայում: Արդյունավե՞տ էր այն Խոջալուի սպանությունները կանխելու համար»:

Scroll Up