Հունվարի 20-ը Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է

Իր սկզբունքներին միշտ անդավաճան  Մեծ հայուհին ու բանաստեղծուհին

 

Բանաստեղծուհին, հրապարակախոսն ու հայրենասեր , համարձակ մտավորականը գրական ասպարեզ եկավ հայ գրականության պատմության համար թերևս դժվարին, մաքառումներով լի , սակայն նույնքան էլ արգասաբեր մի ժամանակաշրջանում, երբ գրական–հասարակական կյանքը փորձում էր սպեղանի դնել պատերազմական տարիների  վերքերին՝ փառավոր հաղթանակի ձոներգերով:

Հայոց ցեղասպանությունից ընդամենը 4 տարի անց, Երևանում՝ Լիավարդ ու Բարունակ Կապուտիկյանների հարկի ներքո ծնված փոքրիկ աղջնակը ՝ Սիրվարդ անունով, հետո պիտի դառնար Ամենայն հայոց բանաստեղծուհի և իր տաղանդավոր գրչով վրձներ սեփական ու ողբերգություններով լի պատմությունը՝ երկնելով հատընտիր բանաստեղծություններ, պոեմներ, հուշագրություններ, մտորումներ:

Թե’ սիրային քնարերգության, թե’ խոհափիլիսոփայական, հայրենասիրական գործերում առանցքը ազնվությունն է, սերը մարդու, հայրենի հողի, սիրած էակի հանդեպ:

<<Օրերի հետ>>, <<Զանգվի ափին>>, <<Այս իմ երկիրն է>>, <<Իմ հարազատները>>, <<Սրտաբաց զրույց>>,  <<Մտորումներ ճանապարհի կեսին>> , <<Քարավանները դեռ քայլում են >>, <<Խճանկար հոգու և քարտեզի գույներից>> գրքերը, հուշագրությունները, մանկական ժողովածուները, <<Կռունկ ուստի կուգաս>> և <<Եվ դ’ու, Բրուտոս>> դրամատիկական երկերը, թարգմանությունները, հրապարակախոսական բազմաթիվ հոդվածներն ու ելույթները, հայոց լեզուն պետական լեզու հռչակելու նրա անկոտրում ջանքերը, ղարաբաղյան գոյամարտի և  Հայաստանի անկախության պայքարում ունեցած նրա ամենաեռանդուն գործունեությունը բանաստեղծուհու, իսկական ազնիվ մտավորականի հայադրոշմ կերպարի  ու հոգեկերտվածքի փայլուն վկայությունն են:

Անձնական կյանքի չստացված էջերը չփակելով՝ բանաստեղծուհին, այնուամենայնիվ, կարողացել է իր կանացի, թույլ ուսերին դնել ժողովրդի հոգսերի իր բաժինն ու ապրել անանձնական կյանքով: Լինել բանաստեղծուհի և բանաստեղծի՝ մեծ Շիրազի կյանքի ընկերուհին, Արա Շիրազ ճանաչված քանդակագործի մայրը, լինել պարզապես սիրով և քնքշանքով լեցուն երջանիկ ու լիարժեք ընտանիքւի կին… Դյուրին չէր դրանք համատեղել…

Ինձ շա˜տ բան տվեց բախտը աշխարհում,

Միայն չտվեց երջանիկ մի սեր.

Չտվեց , որ ես հոգով անդադրում

Դեռ տենչ˜ամ, փնտրե˜մ, չգտնե˜մ ես դեռ,-

Չտվեց, որ միշտ ազնիվ մի կարոտ

Մեղեդու նման թրթռա իմ մեջ…

Անձնականը տեղի է տալիս հզոր անանձնականի փոթորկահույզ ալիքներին, որոնք մաքառում են հանդիպակաց ժայռերի դեմ… և բարձունքներ նվաճում:

Սիլվա Կապուտիկյանի սիրային քնարերգությունը քնքուշ է, փխրուն, բայց անկոտրում, հպարտ՝ ինչպես բանաստեղծուհին:

Անփույ թ  ապրեցի  ես կյանքս բոլոր՝

Մանուկի նման և թագուհու պես.

Գուցե նրանից , որ թույլ եմ  իրոք,

Գուցե նրանից, որ ուժեղ եմ ես…

Այդ ներքին մեծ ուժից էլ ծնունդ է առնում Կապուտիկյանի քաղաքացիական, հայրենասիրական քնարերգությունը՝ պատմության խորքերից  հասնելով մինչև նոր ժամանակներ: Նրա  հայրենասիրական քնարերգության գլուխգործոցներ <<Մտորումներ ճանապարհի կեսին >> պոեմում և <<Արարատյան համանվագ>>  շարքում լավագույնս դրսևորվում է բանաստեղծուհու  գեղարվեստական երևակայության խորությունն ու մտքի հզորությունը:

…Ինձ համար կյանքը սկիզբ էր առնում

Իմ ծնված օրի՜ց, իմ ծնված օրո՜վ,

Դրանից առաջ եղե՜լ  աշխարհում,

Տասնըհինգ թի˜վ է անցել աշխարհով…

Ու հետո գալիս է Արարատին ձոնված շարքը՝ որպես աղոթք, որպես երդում ու ցասում.

 

Այն ո՞վ է ասում,

Որ Արարատը ձերն է ու ձերը,

Անհեթեթ պատրա˜նք.

Քարտե՜զն է ձերը,

Քարտեզի վրա չափած – գծա՜ծը,

Իսկ ինքը՝ Լե˜ռը…

Նրա գագաթի զառամ ձյուները

Մեր ընկալմամբ են, որ հավերժության խորհուրդ են դառնում,

Նրան  պարուրող  մշուշն ու ամպը

Մեր աչքերու՜մ են Եղեգան փողի ծուխ ու բոց դառնում…

Մոխի՜րն է ձերը…

Շրջելով աշխարհով մեկ սփռված հայկական գաղթօջախներով՝ բանաստեղծուհին երկնեց իր երկու ուղեգրությունների ծավալուն գրքերը, որոնցից մեկը՝ <<Քարավանները դեռ քայլում են>> գիրքն ամբողջացրեց Մերձավոր Արևելքի երկրներում կատարած շրջագայության տպավորությունները, իսկ մյուսը՝ <<Խճանկար հոգու և քարտեզի գույների>> գիրքը՝ Հյուսիսային Ամերիկայի  հայ գաղթօջախների մասին պատմությունը: Մինչ այդ սփյուռքահայ հասարակությանն արդեն ծանոթ ու սիրելի բանաստեղծուհին  <<Խճանկար…>> -ում ներկայացնում է սփյուռքահայի  հայրենաբաղձ կարոտը, երազանքն ՝ առ Հայաստան: Դժվար է գերագնահատել այն դերը, որ այդ երկու գրքերը կատարեցին հայ ժողովրդի հոգևոր կյանքում, առավել ևս՝ Հայոց սփյուռքի:

…Բեղուն գրիչ ունեցող անխոնջ մտավորականը, բանաստեղծուհին ու հրապարակախոսը եթե անգամ գրած լիներ միայն  <<Խոսք իմ որդուն>> պատգամ-բանաստեղծությունը, դրանով արդեն կլիներ հանրաճանաչ…Սակայն նրա քանքարը երկնեց հայրենասիրական , սիրային, մանկական, հայերգության սքանչելի գործեր, թարգմանություններ ռուս և համաշխարհային դասականների ստեղծա­գործություններից, մինչև կյանքի վերջ տոկաց այդ գրիչը, և տոկաց ինքը՝ապրելու ու ստեղծագործելու իր սկզբունքներին միշտ անդավաճան  Մեծ հայուհին ու բանաստեղծուհին:

Կարինե Ավագյան

Scroll Up