Մարսելի հայ համայնքը երթ կանցկացնի՝ ի հիշատակ սպանված Միքայել Ասատուրյանի
Մարսելի Հայ Առաքելական եկեղեցում հայ համայնքը նախօրեին վերջին հրաժեշտն է տվել 16-ամյա Միքայել Ասատուրյանին, ով անչափահասների կողմից սպանվել էր լիցեյի մուտքի մոտ: Laprovence.com-ի փոխանցմամբ, հավաքվածների ձեռքին «Je suis Mickaël»՝ «Ես Միքայելն եմ» գրությամբ պաստառներ են եղել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը:
Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի քարտուղար Պասկալ Քամասյանը հայտարարել է, որ Ֆրանսիայի ամբողջ հայ համայնքը ցնցված է կատարված ողբերգությունից:
Նա նշել է, որ այժմ Ֆրանսիայում այլ ազգերի ներկայացուցիչների հետ հայերի խաղաղ կեցության հարցն է դրված: Եկեղեցում ներկա են եղել հասարակական, քաղաքական եւ կրոնական գործիչներ՝ սենատոր Ժան Նոել Հերինին, Իվ Մորենը, Քրիստոֆ Մասսը եւ այլք:
Քաղաքական գործիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Հայ համայնքը ցնցված է կատարվածից, սա կազմակերպված հանցավորություն է, որին մենք տարիներով սնել ենք մեր քաղաքում, որը միայն մեկ անվանում ունի. ռասիզմ»:
CCAF-ի մամուլի քարտուղար Ժուլյեն Հարունյանը նշել է. «Մենք Ֆրանսիայի քաղաքացիներ ենք եւ կոչ ենք անում հարգել հանրապետության արժեքները: Մենք չենք հայտնվի այն գետում, ուր մեզ ուզում են գցել»:
Միքայելի հայրը՝ Արսեն Ասատուրյանը, նշել է, որ որդին շատ լավ մարդ էր. «Նրան բոլորն էին սիրում ու հարգում: Նա պրոֆեսիոնալ երաժիշտ էր, շատ տաղանդավոր: Նա մեզանից գաղտնի վաստակում էր, որպեսզի մի օր մեզ Լաս Վեգաս տանի: Նա նաեւ աշխատում էր մի ստեղծագործության ուղղությամբ, որն ուզում էր ներկայացնել եղբոր հարսանիքին: Ինձ համար տարբերություն չկա իմ որդու սպանության եւ Շարլի Հեբդոյի խմբագրության կատարվածի միջեւ: Միքայելը մեծատառով հայ էր, ինչպես նաեւ ֆրանսիացի»:
Նշենք, որ շաբաթ օրը, ի հիշատակ Միքայելի, Մարսելում «Marche Blanche» (Սպիտակ քայլերթ) խորագրով երթ է անցկացվելու, որի մասնակիցները սպիտակ թաշկինակներով ու վզկապներով են լինելու:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հունվարի 12-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում 16-ամյա հայ աշակերտ է սպանվել: Դեպքը տեղի է ունեցել դասերից հետո: Լիցեյում ուսանող հայ տղան վիճել է դպրոցականների հետ: Նրան դանակահարել են այն աղջկա եղբայրները, ում հետ նախկինում նա վիճել էր: Ֆրանսիայի ոստիկանությունը Մարսելի 11-րդ թաղամասում ձերբակալել է 17-ամյա մի երիտասարդի: Նրան մեղադրում են Ասատուրյանի սպանության մեջ:
Նշենք, որ Միքայել Ասատուրյանը Ֆրանսիայի քաղաքացի էր, իսկ նրա ծնողները Հայաստանի քաղաքացիներ են, ովքեր Ֆրանսիայում 10 տարվա կեցության իրավունք ունեն: