Աբխազիայում նշվեց հայկական միջնակարգ դպրոցի 100-ամյակը
Աբխազիայի Գուդաուտիի շրջանի Պսիրցխա գյուղում մեծ իրադարձություն էր: Դեկտեմբերյան արևոտ ու պարզ երկնքի ներքո գյուղի հայկական դպրոցի բակը լեփ-լեցուն էր տոնական հագնված դպրոցականներով, ծնողներով, տարբեր քաղաքներից ու երկրներից ժամանած հյուրերով… Կրթօջախի 100-ամյա տարեդարձին մանկավարժական կոլեկտիվը տնօրենի և ուսմասվարի անմիջական ղեկավարությամբ պատրաստվում էին ամիսներ շարունակ: Կազմակերպչական բնույթի բազմաթիվ ու բազմազան աշխատանքների շրջանակներում հարկավոր էր նաև տեղյակ պահել և հրավիրել տարիների ընթացքում ամբողջ աշխարհով մեկ սփռված շրջանավարտներին, վերականգնել արխիվները և հերևողականորեն կազմել պատմական ակնարկ` դպրոցի ստեղծման ժամանակահատվածից մինչև մեր օրերը, գտնել բոլոր նշանավոր շրջանավարտներին, ովքեր հետագայում դարձել են հայտնի պետական, հասարակական, քաղաքական գործիչներ Աբխազիայում և նրա սահմաններից դուրս, գիտության, արվեստի, կրթության ականավոր ներկայացուցիչներ:
Դեռևս սեպտեմբերին տնօրեն Կլարա Կեսյանի գլխավորությամբ դպրոցի պատվիրակությունը պաշտոնական այցով ներկայացավ Սոչիի հայկական համայնք, որի նախագահը` ակտիվ հասարակական գործիչ Հրաչ Մակեյանը իր եղբայրների հետ նույնպես ավարտել է Պսիրցխայի հայկական դպրոցը: Գրկաբաց ընդունելով հայրենի գյուղի պարտվիրակությանը` պարոն Մակեյանը ջերմորեն ողջունեց դպրոցի ղեկավարության նախաձեռնությունը և խոստացավ հնարավորինս օժանդակել տոնակատարությունը հավուր պատշաճի անցկացնելու գործին:
Պաշտոնական հյուրերի շարքին էին Աբխազիայի վարչապետ Վիտալիյ Գաբնիան, հանրապետության կրթության, գիտության, սպորտի և երիտասարդական քաղաքականության նախարարության ներկայացուցիչները, դպրոցների տնօրեններ, Աբխազիայի հայկական համայնքի նախագահ Խաչիկ Մինասյանը, Աբխազիայի հերոս, հասարակական գործիչ Գալուստ Տրապիզոնյանը և այլոք: Սոչիի պատվիրակությունը ներկայացնում էին հայկական համայնքի ակտիվ գործիչները Սոչիի քաղաքապետարանին կից երիտասարդական պարլամենտի դեպուտատ Հովհաննես Մակեյանի գլխավորությամբ:
Պսիրցխայի հայկական դպրոցի սաներն ու մանկավարժական կոլեկտիվը հանդիսության հյուրերին ու գյուղի բնակիչներին ողջունեցին հագեցված բազմաբովանդակ ծրագրով: Հայերեն և ռուսերեն լեզվով հնչեցին հայ և ռուս պոետների ստեղծագործությունները հայրենիքի, ժողովուրդների բարեկամության, բնության ու սիրո թեմաներով, հայ նշանավոր երգահանների երգերը, ցուցադրվեցին բեմականացված դրվագներ ինչպես հարազատ կրթօջախի, այնպես էլ գյուղի բնակիչների կյանքից ու առօրյայից: Բեմ հրավիրվեցին վաստակաշատ մանկավարժները, ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրել են հայրենի գյուղի երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության մեծ գործին, մեծարվեցին լավագույն շրջանավարտները, ովքեր դուրս գալով միջնակարգ դպրոցի պատերից` կարողացել են իրենց կրթօջախի պատիվը պահել այլ քաղաքների ու երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում: Դպրոցի տնօրեն Կլարա Կեսյանը իր բովանդակալից զեկույցի մեջ նշեց նրանցից ամենանշանավորների անունները` կենսաբանական-քիմիական գիտությունների դոկտոր` Ստեփան Սահակյան, բժշկական գիտությունների թեկնածու` Ալբերտ Զատիկյան և նրանց թվում նաև` Սոչիի հայկական համայնքի նախագահ` Հրաչ Մակեյան: Դպրոցի անունը բարձր են պահում նաև ոսկե մեդալակիրներ Նշան Նիկոյանը, ով Սոչի քաղաքի Ադլերի շրջանի անվանի բժիշկների շարքում է, Անուշ Յալանուզյանը, ով հանդիսանում է Աբխազիայի ուսուցիչների մեծ գերդաստանի արժանի դուստրը…
Պատմելով Պսիրցխայի հայկական դպրոցի հիմնադրման մասին` Կլարա Կեսյանը մասնավորապես նշեց. «Հայերը Աբխազիայի այս տեղանքում սկսել են բնակություն հաստատել 19-րդ դարի վերջերից: Այդ մասին են վկայում գերեզմանաքարերի վրա հիշատակված հանգուցյալների ծննդյան ու մահվան տարեթվերը: Տարեց բնակիչների վկայությունների համաձայն Պսիրցխայի հայկական դպրոցը հիմնադրվել է 1914 թվականին Հայ Առաքելական Ժամի համեստ պատերի ներսում: Արևմտյան Հայաստանի Սինոպ քաղաքից այստեղ է եկել տեր Հակոբ Ուզունցի քահանան: Նա համագյուղացիների օգնությամբ գյուղում կառուցել է ժամ, որտեղ սկսել են տարրական կրթություն ստանալ միայն տղաները: Ծխական դպրոցն ունեցել է վաթսուն աշակերտ, ովքեր սովորել են մինչև չորրորդ դասարանը, այնուհետև ուսումը շարունակել Մծարայի միջնակարգ դպրոցում: 1935 թվին յոթը տնտեսական կոլեկտիվներ միանում են և կազմում Մյասնիկյանի անվան կոլտնտեսությունը, որի հաշվին դպրոցը մեծանում է` վերածվելով ութամյայի: Միայն ուսուցիչների թիվը կազմում էր 222 հոգի: Տարիների ընթացքում` անցնելով պատերազմների թոհուբոհով, Պսիրցխայի դպրոցը դառնում է միջնակարգ և իր հայրենասեր մանկավարժների շնորհիվ հաղթահարելով իր ճանապարհին մեծ արգելքներ ու դժվարություններ` հասնnւմ է մինչև մեր օրերը: 1992-93 թթ Վրաց-աբխազական պատերազմի ժամանակ դպրոցը փակվել է, քանի որ Նոր-Աֆոնը գտնվում էր պատերազմական թեժ գործողությունների գոտում: Կռվի դաշտում պայքարում էին նաև դպրոցի շրջանավարտները, որոնց թվում էր նաև Թորոս Խզարջյանը: Նա հերոսի մահով զոհվեց պատերազմի դաշտում: Այսօր դպրոցը կրում է հերոսի` Թորոս Խզարջյանի անունը, որն ավելի է պարտավորեցնում մեզ բարձր մակարդակի վրա պահել թե կարգապահությունը կրթօջախում, թե սովորողների կրթությունն ու դաստիարակությունը»:
Ելույթ ունենալով հավաքվածների առջև` Աբխազիայի վարչապետ Վալերիյ Գաբնիան շեշտեց այն փաստը, որ դպրոցն հիմնադրվել է Հայոց ցեղասպանությունից մեկ տարի անց: “ Հայ ժողովուրդը Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված ջարդերից ու կոտորածներից մազապուրծ` հաստատվել է տարբեր երկրներում ու Մայր ցամաքներում: Սակայն նա չի կորցրել իր հոգևոր ուժն ու գոյատևելու ցանկությաունը: Խոսքերիս վառ օրինակը Եղեռնից ընդամենը մեկ տարի հետո հոգևոր խորանի ու դպրության օջախի կառուցումն է օտար երկրում: Հայ ժողովուրդը այն ազգն է, ում համար իր ժողովրդի հոգևոր գանձերը մեծ արժեք ունեն”, ասաց Վ. Գաբնիան:
Կրթության, գիտության, սպորտի ու երիտասարդական քաղաքականության նախարարության կողմից դպրոցի ուսուցիչները պարգևատրվեցին պատվոգրերով ու շնորհակալագրերով, հուշանվերներով: Ինչպես նաև ընթերցվեց նախարարի` Ադգուր Կակոբայի ուղերձը, որով բարձրագույն պաշտոնյան շնորհավորում էր դպրոցին, մանկակավարժական կոլեկտիվին, սովորողներին, ինչպես նաև գյուղի բնակիչներին նման մեծ իրադարձության` դպրոցի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Ելույթ ունեցավ նաև Աբխազիայի հայկական համայնքի նախագահ Խաչիկ Մինասյանը, ով մասնավորապես կարևորեց երկրի կառավարության դերը Աբխազիայում հայկական դպրոցների պահպանման գործում: «Աբխազիայի կառավարությունը մեծ հնարավորություններ է ընձեռում հայկական դպրոցները պահպանելու և զարգացնելու գործին: Որևէ խոչընդոտներ կամ արգելքներ չկան մայրենի լեզուն սովորելու, հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, գրականությունը ուսումնասիրելու կամ հայերեն լեզվով գիտելիքներ ստանալու ճանապարհին: Պսիրցխայի միջնակարգ հայկական դպրոցը ասածիս ցայտուն օրինակն է: Բարեկարգ բակը, հարմարավետ, լուսավոր ու ընդարձակ դասասենյակները, ուսումնա-մեթոդական, օժանդակ դիդակտիկ նյութերը պատմում են այն մասին, որ կրթօջախը գտնվում է պետության հովանավորության ու խնամքի տակ: Հայկական դպրոցները անքակտելի կապեր են պահում նաև հայկական համայնքի հետ: Մենք հնարավորության սահմաններում օգնում ենք նրանց թե հոգեբանորեն, թե նյութապես: Մեր կառույցների պահպանման ու ամրապնդման անկյունաքարը հոգևոր կամուրջն է մայր Հայաստանի հետ: Սփյուռքի նախարարության ծրագրերը ոգևորում ու խթանում են հայեցի կրթությունը արտերկրում: Մեր դպոցականները ակտիվորեն մասնակցում են համահայկական շարադրությունների մրցույթին «Մենք եղել ենք, կանք, ու պիտի լինենք», «Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» թեմաներով, բնագիտական ու հայագիտական առարկաների գծով օլիմպիադաներին, «Արի տուն» ամենամյա ծրագրին, «Իմ Հայաստան» համահայկական մշակութային փառատոնին և այլն:
Հատկանշական է նաև Աբխազիայի հայկական համայնքի բարեկամական հարաբերությունները հարևան Սոչիի հայկական համայնքի հետ: Համայնքային կառույցները միշտ օգնության ձեռք են մեկնում միմյանց տարբեր հարցերում, միասնական միջոցառումներ կազմակերպում, համախմբվում համահայկական նշանակության կարևոր հարցերի շուրջ» – Նշեց իր խոսքում Խաչիկ Մինասյանը:
Աբխազիայում հայկական դպրոցի 100-ամյա հոբելյանը անցավ բարձր մակարդակով, ջերմ, ընտանեկան մթնոլորտում: Մինչև ուշ երեկո գյուղի բնակիչները հյուրերի հետ զվարճանում էին սեղանների շուրջ:
Անահիտ Անտոնյան
ՌԴ, ք. Սոչի