Ախալցխայի Փոքր Պամաճ գյուղում նշվեց Սբ. Խաչ եկեղեցու օծման օրը

Դեկտեմբերի 25-ին Փոքր Պամաճ գյուղում Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայր Հակոբ Սահակյանի նախաձեռնությամբ նշվեց ավանդական դարձած Սբ. Խաչ եկեղեցու օծման օրը: Այս մասին հայտնում է Akhaltskha.Net-ը:

Տոնախմբության առիթով եկեղեցու բարերարների կողմից կազմակերպվել էր մատաղ, որը եւ օրհնվեց Տեր Եղիշեի, Տեր Ղեւոնդի եւ Հայր Հակոբի կողմից:

Միջոցառումը գեղեցկացրեց Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի երգի-պարի խմբակը իր պարերի ու երգերի կատարումներով: Որպես երախտագիտություն Հայր Հակոբ Սահակյանը միջոցառմանը մասնակցած երիտասարդների պատվին կազմակերպեց հյուրասիրություն:

Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի անունից Էդուարդ Այվազյանը իր խոսքում շեշտեց, որ երիտասարդական կենտրոնը եւ եկեղեցին մշտապես շատ սերտ են համագործակցել, ինչը շատերի համար կարելի է ասել, որ նախանձելի երեւույթ է: «Ախալցխան միշտ հանդես է գալիս մեկ դեմքով: Չնայած նրան, որ Ախալցխան շրջանի կենտրոն է համարվում ու Սամցխե-Ջավախքի զարկերակն է, այստեղ ի տարբերություն շատ քաղաքների մշտապես զգացվել է ուշադրության պակաս ու դա է երեւի պատճառը մեր միասնությանը: Այս անցնող տարում եղան նաեւ դրական փոփոխություններ: Օրինակի համար անցյալ ամիս Ախալցխայում Սրբազան Հոր կողմից նշանակվեց նոր քահանա, ինչը շատ ուրախացրեց ժողովրդին, քանզի երկու քահանաները Ախալցխայի ամբողջ շրջանի համար շատ քիչ էին եւ դժվարությամբ էին հասցնում իրենց հոգեւոր ծառայությունը եւ Տեր Ղեւոնդի նշանակումը պետք է, որ ավելի նպաստի մեր բոլորի աշխատանքներին», -ասաց Էդուարդ Այվազյանը:

Scroll Up