«Իմ անցած կյանքի հանրագումարն է Հայրենիքը. Հայրենիքից դուրս ուրիշ ոչ մի տեղ Հայրենիք չկա». Ալվարդ Մկրտչյան

ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվել էր նախկին ազատամարտիկ, հասարակական ակտիվ գործիչ Ալվարդ (Ալա) Մկրտչյան-Նիկողոսյանը, ում հետ հարցազրույց է ունեցել «Հայերն այսօր»-ի թղթակիցը: 

-Տիկին Ալա,  թեև լսել եմ Ձեր` նվիրումով ու սխրանքով կերտած մարտական ուղու և խաղաղ օրերում ծավալած հասարակական հայրենանվեր գործունեության մասին, այնուամենայնիվ, խնդրում եմ ինքներդ ավելի մանրամասնությամբ ներկայացնեք այդ ամենը:

Շնորհակալ եմ այսօրինակ գնահատանքի և իմ շատ սիրելի ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվելու համար: Մինչև իմ անցած ճանապարհների մասին խոսելն, ասեմ, որ հայրենասիրությունն իմ արմատներից է գալիս, այն իմ երակներով հոսող շատ հայկական արյունն է. նախնիներս Արևմտյան Հայաստանից են` Մուշ, Ալաշկերտ, ավելին` պապիկս Անդրանիկի զինվորն է եղել: Ես ծնվել եմ Երևանում, ավարտել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտի (այն ժամանակ համալսարան չէր կոչվում) բուժական ֆակուլտետը, աշխատել եմ նույն բուհում: 1988թ. ավերիչ երկրաշարժի օրերին ես կամավոր հիմունքներով մեկնեցի Սպիտակ, ուր ականատեսը դարձա երկրաշարժի` <<դանթեական դժոխքի>>  ահասարսուռ տեսարաններին… 2-3 ամիս հետո տեղափոխվեցի Երևան, և, դարձյալ կամավորական հիմունքներով, ես ու ամուսինս` Վահրամ Մկրտչյանը (նրա նախնիները նույնպես արևմտահայեր են), ամուսնուս ընկերները սկսեցինք մեր գաղտնի գործունեությունը` կապված ղարաբաղյան նոր սկսված շարժման հետ:

-Ցավալի է հիշել և Ձեզ էլ հիշեցնել երկրաշարժի մասին. ասացիք, որ Սպիտակում էիք, իսկ ո՞րն էր Ձեր առաքելությունն այնտեղ:

-Առաջին հերթին ես բժշկի` իմ սրբազան պարտքն էի կատարում, բայց այդ ավերակների, փլատակների, փոշու և ծխի մեջ չկար <<իմ ու քո>> հասկացությունը, կար հավաքական մի ուժ, միասնություն, և բոլորս, համակված անսահման ցավով, գթասրտությամբ ու խիզախությամբ, օգնում էինք վիրավորներին, քարերն էինք փորձում գլորել, գնում էինք լսվող ձայների ուղղությամբ, ջուր, սնունդ, դեղորայք էինք հասցնում տուժածներին. անում էինք ամեն ինչ: Այդ նույն ձևով էլ աշխատում ու պայքարում էինք Արցախի գոյամարտի ժամանակ` թիկունքում և մարտական դիրքերում: Կենաց ու մահու դժվարին պայքարի խառնարանում էինք և տրամադրված էինք միայն հաղթականորեն:

-Կպատմե՞ք Ձեր ամուսնու` Վահրամ Արամի Մկրտչյանի մասին:

Վահրամենց ընտանիքն ապրում էր Վայքում, ես այդ ժամանակ դեռևս դպրոցական էի, ինքն ուսանող էր. հանդիպեցինք պատահական (թեև ես միշտ կրկնում եմ, որ ոչ մի պատահականություն չի լինում): Սկսեցինք ընկերություն անել, հետո Վահրամը բանակ գնաց և ծառայեց Խորհրդային բանակի ռազմաօդային ուժերի զորքերում: Զորացրվելուց հետո ամուսնացանք, ծնվեցին աղջիկս, տղաս: Ես ու ամուսինս պայքարի բովում էինք և հանգիստ էինք երեխաների առումով, որովհետև մայրս երեխաներիս կողքին էր, իսկ մենք ամբողջովին նվիրվել էինք Հայրենիքի, Արցախի պաշտպանության գործին: Երբ սկսվեց արցախյան գոյամարտը, մենք չունեինք կանոնավոր բանակ, անհրաժեշտ զենք ու զինամթերք. կռվի էին ելել կամավորական ջոկատները, հայրենասեր հայորդիները` նույնիսկ ինքնաշեն զենքերով: Այն ժամանակ Զեյթունում մի գործարան կար, որը խաղաղ օրերում ունեցած իր ուղղվածությունը փոխեց. գիշերներն այնտեղ սկսեցին զենքի մասեր պատրաստել, որոնցից Նոր Հաճընում կարաբիններ էին պատրաստում, որոնք, իհարկե, անհրաժեշտ մետաղից չէին:

-Այդ օրերից մի հետաքրքիր դեպք կվերհիշե՞ք…

-Հիշում եմ, երբ գնացինք այդ կարաբինները բերելու (այդ ժամանակ ես Սյունիքի սանմասի ղեկավարն էի, իսկ իմ հրամանատարը լուսահոգի ազատամարտիկ Հովհաննես Ազոյանն էր) Ազոյանի մեքենայով, ճանապարհներն ազատ էին, իսկ ետդարձի ճանապարհը փակել էին Օմոնի զորքերը… Չգիտեինք` ինչ անել, ոտքերիս տակ լիքը զենք էր, զինվորները մոտեցան, որպեսզի ստուգեն մեքենան… Ես գործի դրեցի իմ կանացի հնարամտությունը` այդ զինվորներից մեկին ծխախոտ առաջարկեցի և ջերմորեն ու ժպիտով ասացի, որ նա ճիշտ իմ եղբոր տարիքին է. մեր մեքենան չստուգեցին… Մեր վարորդն ապշել էր զարմանքից: Երբեմն կարելի է <<կռվել>> ու <<հաղթել>> նաև ժպիտով, խոսքի ուժով:

Տիկի′ն Ալա, երբևէ շատ մոտիկից կանգնե՞լ եք վտանգին ու մահվանը դեմ հանդիման:

-Արցախի պատերազմի տարիներին ես բուժաշխատող էի Գորիսում: Մինչև 1992 թվականը` մինչև Լաչինի ճանապարհի բացվելը, մենք ինքնաթիռով գնում ու բերում էինք վիրավորնեին… Իհարկե, վտանգը շատ մոտ էր, բայց այդ մասին ո՞վ էր մտածում. թեթև վիրավորներին տեղափոխում էինք Գորիս, ուր ունեինք ախտորոշման կենտրոն, իսկ ծանր վիրավորներին տեղափոխում էինք Երևան` Միքայելյանի անվան հիվանդանոց: Երբ ազատագրվեց Շուշին, բացվեց Լաչինի միջանցքը, սկսեցինք մեքենաներով տեղափոխել վիրավորներին: Ես մասնակցել եմ ղարաբաղյան գոյամարտին մինչև պատերազմի ավարտը:

­-Որտե՞ղ էր Ձեր ամուսինը` օդո՞ւմ  թե՞ հողի վրա:

Ամուսինս ծառայել էր ռազմաօդային ուժերում. նա մեր լուսահոգի  սպարապետ Վազգեն Սարգսյանի հրամանով դարձավ գաղտնի աշխատող (հենց այդպես էր գրված ամուսնուս փաստաթղթերում): Նա Սփյուռքի հայ համայնքներից հանգանակություն էր անում և հասցնում Հայաստան, զենք ու զինամթերք էր բերում: Ամուսինս զոհվեց օդում` Մարտակերտում, իր հերթական առաքելությունը կատարելիս. զոհվեց` ինձ համար մինչ այժմ էլ չպարզված հանգամանքներում: Հայրենի հողին ու երկրին ամուր կառչած հայորդին մնաց օդում, իր սիրած կապույտ անհունում: Ես նրա շիրիմի մոտ երդվեցի հայրենանվեր գործունեությունս շարունակել թե′ պատերազմի տարիներին, թե′ պատերազմից հետո:

­-Տիկի′ն Ալա, կարծեմ պակաս ակտիվ ու հայրենանվեր գործունեություն չեք ծավալել նաև խաղաղ պայմաններում:

Այո′: <<Ազատամարտիկ>> ռազմահայրենասիրական, բարեգործական հասարակական կազմակերպության փոխնախագահն եմ (նախագահը Հայկ Հարությունյանն է), ՊՆ-ի համակարգող խորհրդի անդամ եմ, շատ ակտիվ մասնակցություն ունեմ մեր` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի <<զոհված և վիրավոր ազատամարտիկների խորհրդի>> աշխատանքներում, ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի Առողջապահական և սոցիալական հանձնաժողովում եմ ընդգրկված… 2011թ. ողջ աշխարհով սփռված Արևմտյան Հայաստանի հայ վտարանդիները, նրանց ժառանգները համախմբվել են և ստեղծել Արևմտյան Հայաստանի վտարանդիների կառավարություն, որի կենտրոնը Փարիզում է. ես նաև այդ կառավարության անդամ եմ… Կգա′ ժամանակը, որ այդ կառավարությունն ու խորհրդարանը կգործեն մեր նախնյաց հողում, մեր Պատմական Հայրենիքում:

Հասցնո՞ւմ եք լինել ամենուր, կատարել Ձեզ վստահված բոլոր աշխատանքները, ինչպես նաև` լինել ընտանիքում:

Այո′, հասցնում եմ և սիրով եմ կատարում բոլոր գործերս. տանն ունեմ հիանալի հարսիկ` տղայիս կինը` մանկավարժ Լուիզան, ով ինձ միշտ սատարել է: Մենք փոխադարձաբար լրացնում ենք մեկս մյուսին, օգնում ենք իրար: Մեկ տղա և մեկ աղջիկ ունեմ, երկուսն էլ ամուսնացած են: Լավ թոռնիկներ ունեմ, ովքեր դեռ մանկուց դաստիարակվում են ռազմահայրենասիրական ոգով: Լավ ընտանիքը հուսալի հենարան է, այդ առումով բախտավոր եմ: Բազմազբաղ լինելով հանդերձ` իմ ընտանիքում հյուրընկալել եմ ՀՀ սփյուռքի նախարարության <<Արի տուն>> ծրագրին մասնակցող երկու երեխաների, 2015-ին պատրաստ եմ դարձյալ հյուրընկալելու նրանց:

-Լինո՞ւմ եք զորամասերում, ինչպիսի՞ օգնություն եք ցուցաբերում ազատամարտիկների ընտանիքներին:

-Անպայմա′ն: Թոռնիկներս էլ ինձ հետ շատ են եղել զորամասերում: Ամեն տարի ապրիլի 10-ին լինում ենք Մատաղիսում, որն ինձ համար սրբատեղի է. այնտեղ շատ լավ ընկերներ ենք կորցրել, որոնց պատվին հուշակոթող-խաչքար է կանգնեցվել: Լինում ենք սահմանամերձ դպրոցներում:  Ինչ վերաբերում է ազատամարտիկների ընտանիքներին օգնելուն, ես շատ եմ կարևորում նրանց իրավունքների պաշտպանությունը, իրազեկումը: Մեր հասարակական կազմակերպությունն այդ ընտանիքներին սատար է լինում ոչ միայն նյութապես, բժշկական օգնությամբ, այլև պաշտպանում ենք նրանց ընտանիքների իրավական շահերը: Պետք է իմ խորին շնորհակալությունը հայտնեմ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ով բոլոր հարցերում մեզ աջակցում է: <<Ազատամարտիկ>> կազմակերպության նախագահը նախկին ազատամարտիկ, հրամանատար Հայկ Հարությունյանն է. մենք իր գլխավորությամբ սկսեցինք զոհված ազատամարտիկների անուններով դասարաններ անվանակոչել, դպրոցների բակերում տեղադրել խաչքարեր. աշխատանքները սկսեցինք Ավան համայնքից, որի ղեկավարն այն ժամանակ մեր քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր, ում շատ շնորհակալ ենք աջակցության, ակտիվ ու անմիջական մասնակցության համար: Ես կարծում եմ, որ պետք չէ զոհված ու ապրող, հաշմանդամ ազատամարտիկներին դրոշակ դարձնել, շարունակ ամպագոռգոռ խոսքեր ասել, լացել. պետք է նրանց ընտանիքներին բոլորը ճանաչեն, հարգեն և շնորհակալ լինեն:

-Մարտական երկար ճանապարհ եք անցել. այսօրվա բանակին, զինվորին, ըստ Ձեզ, ի՞նչն է պակասում:

-Մեր բանակը հզոր է, կայացած, բանակի համար արվում է ամեն ինչ, ես կուզենայի տեսնել զինվոր և սպա հարաբերության մեջ սեր ու հարգանք: Զինվորը պարտավոր է հարգել սպային, սպան պարտավոր է հարգել զինվորի իրավունքները:  Եթե չլինի զինվորը, չի լինի ո′չ սպա, ո′չ գեներալ:

-Վերջին հարցս` ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:

-Ձեր տված հարցից սիրտս ճմլվեց. հայոց ճոխ բառագանձարանից չեմ գտնում այն բառը, որով կամբողջացնեի Հայրենիքի մասին իմ բանաձևը:

Իմ անցած կյանքի հանրագումարն է Հայրենիքը. Հայրենիքից դուրս ուրիշ ոչ մի տեղ Հայրենիք չկա:

Շնորհակալությո′ւն,  տիկին Ալա, բովանդակալից ու հետաքրքիր զրույցի համար. տա Աստված, որ Ձեր հայրենանվեր գործունեությունը միշտ շարունակեք խաղաղ պայմաններում:

Կարինե Ավագյան

Scroll Up