Թեոդոսիայի իշխանություններին 1,5 մլն դոլար է հարկավոր հայկական եկեղեցիների նորոգման համար
Անցած շաբաթ Թեոդոսիայի վարչակազմի ղեկավար Դմիտրի Շչեպետկովը այցելել է վերականգնման կարիք ունեցող երկու հայկական եկեղեցի. Նախիմովի փողոցում գտնվող Սբ Գևորգ և Արմյանսկայա փողոցում գտնվող Սբ Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց եկեղեցիներ: Հայ համայնքը, ինչպե նաև քաղաքն իրենց ուժերով չեն կարող ռեստավրացիայի ենթարկել դրանք, ուստի քաղաքային իշխանությունները մտադիր են ֆինանսավորում հայթայթել դաշնային մակարդակով, հայտնում է Թեոդոսիայի «Պոբեդա» թերթը: Արդեն այս շաբաթ քաղաքային վարչակազմի փոխղեկավար Մակար Մակարովը խորհրդակցություն է անցկացրել հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով իրավաբանական փաստաթղթերի ձևակերպման ու միջին դարերեի այդ կոթողների վերականգնման հարցերը: Այս մասին գրում է PanARMENIAN.Net -ը:
«Մեր աչքի առաջ փլուզվում են պատմական արժեքները, 14-15 դարի»,-ասել է քաղաքային իշխանության ղեկավար Դմիտրի Շչեպետկովը:
Այսօր ՀԱԵ Թեոդոսիայի թեմին են պատկանում Սուրբ Սարգիս եկեղեցին, որի բակում է գտնվում Հ. Այվազովսկու գերեզմանը, Նախիմովի փողոցում գտնվող Սբ Գևորգ և Արմյանսկայա փողոցում գտնվող Սբ Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց եկեղեցիները, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:
«Երբ 1992 թվականին հայերին թույլ տվեցին վերադառնալ Ղրիմ, մենք սկսեցինք պայքարել մեր պաշտամունքային կառույցները համայնքին վերադարձնելու համար: Մինչև 1998 թ. մեզ փոխանցվեց 4 եկեղեցի»,-հիշեցրել է Թեոդոսիայի թեմի առաջնորդ հայր Եփրեմը: Նա պարզաբանել է, որ համայնքի համար դժվար է նորոգել եկեղեցիները, քանի որ դրանք պատմության և մշակույթի հուշարձաններ են և պահպանվում են պետության կողմից:«Այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից, մենք կարողացանք նորոգել Սբ Սարգիս եկեղեցին, հիմա զբաղվում ենք Սբ Գևորգի ճակատագրով, քանի որ հակառակ դեպքում այն կփլուզվի»,-ասել է նա:
Անհապաղ վերականգնողական աշխատանքներ պահանջող Սբ Միքայել և Գաբրիել հրեշտակապետաց եկեղեցու նորոգումը ոչ միայն համայնքի, այլ նաև քաղաքի ուժերից վեր է: «Նախնական հաշվարկներով, հարկավոր են լուրջ պետական ներդրումներ՝ մոտ 1,5 մլն դոլար»,-ասել է նա: Հարկ կլինի անցկացնել նաև հակասողանքային միջոցառումներ:
«Միակ ելքը Մոսկվային դիմելն է, մշակույթի նախարարությանը, գիտությունների ակադեմիային»,-նշել է Շչեպետկովը: Հայ համայնքի ներկայացուցիչը պատմել է, որ Ռուսաստանին Ղրիմի միանալուն պես փոխվել է վերաբերմունքը հայկական կրոնական ու ազգային համայնքների գործունեության հանդեպ. «Ես 20 տարի շարունակ նամակներ եմ ուղարկել Կիև մեր եկեղեցիների վիճակը նկարագրելով, սակայն պատասխան չեմ ստացել: Հիմա կա իրավաբանական ու ֆինանսական խնդիրները լուծելու հնարավորություն»:
Քաղաքային իշխանությունների հետ քննարկումներին մասնակցել է նաև համայնքի ղեկավար Աշոտ Գաբոյանը: