Քուվեյթում ՀՀ դեսպանի հանդիպումը Քուվեյթի տեղեկատվության նախարարի հետ

Դեկտեմբերի 10-ին Քուվեյթի տեղեկատվության նախարար, երիտասարդության հարցերի պետնախարար, մշակույթի, արվեստների և նամակագրության Ազգային խորհրդի նախագահ, շեյխ Սալման Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Համուդ Ալ-Սաբահն ընդունեց Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Քննարկվեց տեղեկատվության և մշակույթի բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը կարևորեցին «Արմենպրես» լրատվական գործակալության և Քուվեյթի «Քունա» ազգային լրատվական գործակալության միջև ստորագրված համագործակցության փաստաթուղթն ու նշեցին, որ դա դրական հիմք է երկու երկրների միջև տեղեկատվության ոլորտի հետագա խթանման, ինչպես նաև Հայաստանի և Քուվեյթի զանգվածային լրատվամիջոցների միջև նոր որակի փոխգործակցության ծավալման համար:

Անդրադարձ կատարվեց մշակութային բնույթի միջոցառումների ակտիվացման հեռանկարներին, ինչի կապակցությամբ դեսպան Չարչօղլյանը ներկայացրեց հայ-քուվեյթյան մշակութային գործակցության ընթացքն ու խոսեց 2015թ. նախատեսվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքներից:

Մտքեր փոխանակվեցին երկու երկրների միջև սպորտի ոլորտում փոխգործակցության հաստատման վերաբերյալ:

Բարձր գնահատվեց քուվեյթահայ համայնքի դերը երկրի բարգավաճման և հայ-քուվեյթյան միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Նախարարի խնդրանքով դեսպանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը:

Scroll Up